Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Գալուստ Սահակյանը հերքել է կառավարության հրաժարականի մասին շրջանառվող լուրերը

22.07.2016, 18:32
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը հերքել է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի շենքի գրավվման պատճառով։
Գալուստ Սահակյանը հերքել է կառավարության հրաժարականի մասին շրջանառվող լուրերը

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը հերքել է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի շենքի գրավվման պատճառով։

«Նման լուրերն ավելի շատ նման են խոսակցությունների։ Մենք աշխատում ենք, որ այնպիսի լուծում գտնվի, որի մասին բոլորը նույն կերպ մտածեն», – ասել է Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ուղիղ եթերում։

Խոսնակն անընդունելի է համարել այն, որ 10–20 հոգուց բաղկացած խումբը կարող է հավաքվել, զավթել ինչ–որ տարածք և իշխանափոխություն պահանջել։

Նա նաև նշել է, որ ստեղծված իրավիճակը պետք է լուծվի օրենքի և փոխզիջումների շրջանակում։

«Մինչև այսօր դեռևս իրենց կողմից չկա որևէ խոսք՝ փոխզիջելու, իսկ մենք պատրաստ ենք օրենքի շրջանակում այնպես անել, որ փոխզիջումն ու օրենքը համընկնեն», – ասել է Սահակյանն ու ավելացրել, որ ցանկացած պահանջ պետք է տեղավորվի իրավական շրջանակներում։

Խոսնակի կարծիքով` զինված խմբի գործողությունները հավանության չեն արժանանում հասարակության կողմից։

«Նրանք պետք է հանձնվեն իշխանություններին։ Դատական գործընթացը կլինի թափանցիկ, պարզ և՛ հասարակության, և՛ իրենց համար»,– ասել է Սահակյանը։ 

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։ Չորեքշաբթի օրվա դրությամբ գրավված շենքից ազատ է արձակվել հինգ պատանդ։

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։

Հինգշաբթի լուսադեմին ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։ 16 ցուցարարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։–0–