Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Նախօրեին Երևանում քաղաքացի է ինքնահրկիզվել, Հարկադիր կատարման ծառայությունը պարզաբանում է ներկայացրել

07.11.2022, 16:35
Նախօրեին Երևանում քաղաքացի է ինքնահրկիզվել, Հարկադիր կատարման ծառայությունը պարզաբանում է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարզաբանում է տարածել Երևանի Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում նոյեմբերի 6-ին ինքնահրկիզման փորձի կապակցությամբ։

Ինչպես նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, մամուլում տարածվել էր տեղեկություն, որ քաղաքացին ինքնահրկիզում է կատարել, որի պատճառը, ըստ քաղաքացու եղբոր փոխանցած տեղեկության՝ 10 հազար դրամ տուգանքն է եղել, որի համար քաղաքացու մեքենան Պարեկային ծառայության կողմից նախ տեղափոխվել է իրենց տուգանային հրապարակ, ապա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համապատասխան տարածք:

«Տարածված լուրի առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ քաղաքացի Ազիզ Ու․-ի նկատմամբ դեռևս 2013 թվականից Ծառայությունում առկա են տարբեր պահանջատերերի՝ ապահովագրական ընկերության, ՃՈ, համատիրություն օգտին հարուցված կատարողական վարույթներ, ընդհանուր պարտավորությունը կազմում է ավելի քան 2 մլն․ դրամ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Կատարողական գործողությունները, այդ թվում նաև` ավտոմեքենայի նկատմամբ հետախուզում հայտարարելը, պայմանավորված է եղել հիշյալ պարտավորությունների հարկադիր կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Ազիզ Ու․-ն տեղեկացված եղել է իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթների մասին։

«Ցավում ենք արձանագրված դեպքի համար և շուտափույթ ապաքինում ենք մաղթում քաղաքացի Ազիզ Ու․-ին», - նշվում է հաղորդագրության մեջ։

Նախօրեին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը հայտնել էր, որ նոյեմբերի 6-ին, ժամը 21։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պարոնյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ անձը չպարզված քաղաքացին հրկիզել է իրեն, այրումը մարվել է ոստիկանների կողմից, իսկ քաղաքացին անգիտակից վիճակում հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։-0-