ՊՊԾ գնդի շենքը գրաված անձանց խումբը, կամավոր հանձնվելու պարագայում, կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է Երևանում ՊՊԾ գնդի շենքը գրաված զինված խմբի անդամներին ուղղված կոչը, որը հրապարակված էր գրավված շենքի վրա ուղղաթիռից նետված թռուցիկներում:
Փաստաթղթի համաձայն, 2016 թ. հուլիսի 17-ից մինչ օրս զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի զավթման ընթացքում, ըստ այս պահին առկա նախնական տվյալների, կատարվել են առնվազն հետևյալ հանցանքները`վերցվել են պատանդներ (ՀՀ քրեկան օրենսգրքի 218 –րդ հոդված), զավթվել են շենքեր–շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության միջոցներ (ՀՀ քրեկան օրենսգրքի 219-րդ հոդված), ապօրինի կերպով ձեռք է բերվել, պահվել, փոխադրվել և կրվել է հրազեն (ՀՀ քրեկան օրենսգրքի 235-րդ հոդված):
«Այս հանցանքները կատարած անձանց սպավում է մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում: Արդեն իսկ կատարված հանցավոր գործողությունների համար անխուսափելիորեն դրա հասանելիք քրեական պատժի տեսակի և խստության աստիճանի վրա էապես ազդելու են զինված խմբի յուրաքանչյուր անդամի կատարած գործողությունների բնույթը և առաջացրած հետևանքների ծանրությունը», - նշվում է հայտարարության մեջ:
Միաժամանակ, ԱԱԾ-ն նշում է, որ ՀՀ օրենսդրութամբ նախատեսված հիմքերի և պահանջների առկայության դեպքում, իր պահանջներից հրաժարված և պատանդին կամովին ազատ արձակած, իր պահանջներից հրաժարված և զավթածը կամովին ազատած, ապօրինի հրազենը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններ այլ հանցակազմ չեն պարունակում:
Իր հայտարարության մեջ ԱԱԾ-ն հերթական անգամ հորդորում է դրսևորել ողջամտություն և, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, կամովին վայր դնել զենքն ու հանձնվել իշխանություններին:
Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։
Հուլիսի 21-ի լուսադեմին ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։ 16 ցուցարարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։-0-