ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք հանդես են եկել կոշտ հայտարարությամբ
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 17–ին ՊՊԾ գնդի շենքը զավթած զինված խումբը ներկայացրել է իր պահանջները, որոնք հասցեագրված են հանրապետության իշխանություններին։
«Եթե սննդի, կապի և էլեկտրաէներգիայի ապահովման հետ կապված հարցը մինչև երեկո չլուծվի, ապա մենք կորոշենք, թե ինչ քայլեր ենք անելու», – հայտարարել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը երկուշաբթի ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով` 34 ժամ զինված խումբը սնունդ, էլեկտրական հոսանք, ջրամատակարարում, բժշկական ծառայություն չունի, գիշերվանից արդեն հեռախոսակապ չունեն։
«Երեկ փորձ է արվել մոտենալ տարածքին և պատ քանդել...իրավիճակը թեժանում է», – հայտարարել է Ենիգոմշյանն ու ավելացրել, որ տարածքի վրայով ռազմական ուղղաթիռ է թռել, տեղակայվել են դիպուկահարներ։
Նրա խոսքով` դա նշանակում է, որ իշխանությունները մտադիր չեն բանակցություններ վարել խաղաղ մթնոլորտում։ Նա հույս հայտնեց, որ «ողջամտությունը կտիրապետի, արյունահեղություն չի լինի, ինչը ճակատագրական կլինի Հայաստանի համար»։
Իրավիճակից ելնելով` համակարգող խումբը հանդես եկավ հայտարարությամբ` պահանջելով իշխանություններից մինչև երկուշաբթի ժամը 20։00–ն կատարել ներկայացված պահանջները` հակառակ դեպքում սպառնալով «ստեղծել քաղաքացիական անհնազանդության օջախներ երկրի ողջ տարածքում»։
Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։
Հուլիսի 21–ի լուսադեմին ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։ 16 ցուցարարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։-0–