Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Առողջապահության նախարարությունը հայտնում է զինված խմբի կողմից պատանդ վերցված բժիշկների անունները

27.07.2016, 12:23
Առողջապահության նախարարությունը հայտնում է զինված խմբի կողմից պատանդ վերցված բժիշկների անունները:
Առողջապահության նախարարությունը հայտնում է զինված խմբի կողմից պատանդ վերցված բժիշկների անունները

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. Քիչ առաջ իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի`  Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ։ Տեղեկությունը մեծ վրդովմունքով ընդունած Հայաստանի բժշկական ամբողջ հանրությունը խստորեն դատապարտում է անբարո այս քայլը և պահանջում շտապ ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին` առանց որևէ նախապայմանի: Անգամ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ դեպքերի սկզբից մինչ օրս այս բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում նաև զինյալ խմբի անդամների», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը Facebook–յան իր էջում հայտնել է, որ այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: 

«Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Իսկ երբ բժիշկները ժամանել են,նրանց պատանդ են վերցրել», – նշել է Ահարոնյանը։

Նրա խոսքով` իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար:

Ոստիկանության հաղորդմամբ` հուլիսի 26–ի լույս 27–ի ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը։

Նրա խոսքով` տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Ներխուժման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ` հինգ ոստիկան և զինված խմբի անդամներից մեկը։

Հուլիսի 20–ի լույս գիշերը ՊՊԾ շենքի հարակից տարածքում զանգվածային անկարգություններ են կատարվել, որոնց հետևանքով տուժել է 62 մարդ, նրանցից 37–ը` ոստիկաններ։ Քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների կազմակերպման փաստով, մեղադրանք է առաջադրվել վեց քաղաքացիների, ևս վեցը ձերբակալվել են։ -0-