Իրավապահները հատուկ տեխնիկայի երթևեկության համար ազատում են ճանապարհը ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Իրավապահ մարմինները խնդրել են լրագրողներին ազատել ճանապարհը նախօրեին մի խումբ զինված անձանց կողմից գրավված ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում` հատուկ տեխնիկայի երթևեկության համար, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը դեպքի վայրից։
Ավելի վաղ գրավված շենքին են մոտեցել շտապօգնության երկու մեքենաներ։
Ընդհանուր առմամբ, ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում տիրող իրավիճակը հանգիստ է, տեղում հերթապահում են իրավապահ մարմինների աշխատակիցները։
Երևանում ոստիկանության շենքը գրաված մարդիկ հայտարարում են ևս մեկ պատանդի ազատ արձակման մասին>>
Կիրակի լուսադեմին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, չորս ոստիկան վիրավորվել է։ Զինված անձինք «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր կազմակերպության կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն են, ովքեր պահանջում են ազատել նրան։ -0-