Խոշոր ՃՏՊ Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհին. տուժածների թվում կան հայեր
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր խոշոր ՃՏՊ է գրանցվել Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհին։
ՀՀ ԱԻՆ–ի հաղորդմամբ, օգոստոսի 2-ին, ժամը 16:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03:50-ի սահմաններում ՌԴ Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհի մոտ 420-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են բեռնատարը և ավտոբուսը:
ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 5 և տուժել 28 քաղաքացի:
Ինչպես հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը, ըստ ճշտած տվյալների՝ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժածների շրջանում կան ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ։
Համաձայն ստացված տեղեկատվության, տուժել է 1980թ.-ի ծնված հայազգի ՌԴ քաղաքացի Ե.Ա, -ն ( գրանցված՝ ք.Վոլգոգրադ) և իր երկու զավակները (ծնված՝ 2010թ.-ին և 2015թ.-ին):
Տուժած քաղաքացիները տեղափոխվել են Ստավրոպոլի երկրամասի Ապանասենկովսկիի շրջանային հիվանդանոց։
«Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի հայ համայնքի հետ՝ տուժածներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար», - նշվում է դեսպանատան տարածած մամուլի հաղորդագրությունում։
Ինչպես հայտնում է tvzvezda.ru-ն, նախնական տեղեկությունների համաձայն, վարորդներից մեկը հոգնածության պատճառով դուրս է եկել հանդիպակաց գոտի:–0–