Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

«Մալաթիա մոլ»-ում խոշոր հրդեհ է տեղի ունեցել. կան տուժածներ (ՎԻԴԵՈ)

26.08.2019, 11:38
Շաբաթ` օգոստոսի 24-ին, «Մալաթիա մոլ»-ում խոշոր հրդեհ է բռնկվել:
«Մալաթիա մոլ»-ում խոշոր հրդեհ է տեղի ունեցել. կան տուժածներ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Շաբաթ` օգոստոսի 24-ին, «Մալաթիա մոլ»-ում խոշոր հրդեհ է բռնկվել:

Հրդեհը բռնկվել էր Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 145/5 հասցեում գտնվող «Վեգա-Ուորլդ» ՍՊԸ-ի տարածքում:

Հրդեհի հետևանքով «Վեգա-Ուորլդ» ՍՊԸ-ի շենքի նկուղային հարկում (մոտ 8000 քմ) այրվել են փայտամշակման հաստոցներ և լամինատ, 1-ին հարկում (մոտ 11.000 քմ)`  լամինատ, կենցաղային տեխնիկա և կահույք, 2-րդ (մոտ 5000 քմ) և 5-րդ (մոտ 6000 քմ) հարկերում` կահույք:

Օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: 

Ինչպես հայտնել էր «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի բարդությունը 2 «Բիս»-ից բարձրացվել է 3 «Բիս»:

Կրակը տարածվել է 8 արտադրամասերում, որոնցից յուրաքանչյուրի մակերեսը կազմում է մոտ 800 քմ: Ինչպես հայտնում էր գործակալության թղթակիցը, ԱԻՆ ներկայացուցիչները հերքեցին պայթյունավտանգ նյութերի առկայությունը, սակայն հրավտանգ նյութերի մեծ քանակության պատճառով հրդեհի տեղայնացումը դժվարանում է: 

Առողջապահության նախարարության տվյալներով, Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժել է 10 քաղաքացի։ 

«Նրանցից 8-ը գտնվել են «Աստղիկ» բժշկական կենտրոնում, 2-ը՝ Հանրապետական հիվանդանոցում։ Բոլորը դուրս են գրվել»,- հայտնում է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

 «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնը, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, սկսել է գործել 2016 թվականին: Կենտրոնը պատկանում է նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին, ում պատկանում է նաև Yerevan City սուպերմարկետների ցանցը: -0-