Քրեական գործ է հարուցվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ–ում հնչած պայթյունի փաստի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին պատկանող թթվածնի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
2018թ. սեպտեմբերի 25-ի ժամը 12:05-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցում թթվածնի գլանանոթ է պայթել և մարդ է մահացել:
Նույն օրը ժամը 12:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոնի աշխատակից, ով հայտարարել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի թթվածնի կայանում թթվածնի գլանանոթի պայթյունի հետևանքով վնասվածք է ստացել:
Անմիջապես դեպքի վայր է ժամանել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հետնամասում գործող, նույն ԲԿ-ին պատկանող թթվածնի արտադրամասին կից լիցքավորման կետի հատակին հայտնաբերվել է թթվածնի արտադրամասի օպերատորի դին՝ բազմաթիվ վնասվածքներով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (աշխատանքի պաշտպանության կանոնների խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):
Դեպքի վայրի զննությամբ վերցվել են մի շարք նմուշներ: Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։–0–