Ռուսական ռազմաբազայի անհետացած զինվորը հայտնաբերվել է Երևանում
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երեկ երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի անհետացած պայմանագրային զինծառայողը, հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն` հղում անելով ոստիկանությանը։շ
Նա փոխանցվել է ռուսական ռազմաբազային։ Զինծառայողի մոտ զենք չի հայտնաբերվել։
Ըստ աղբյուրի` պայմանագրային զինծառայողը օրենքի համաձայն է լքել ռազմակայանի տարածքը, սակայն մի քանի օր աշխատանքի չներկայանալուց հետո ռազմակայանի ղեկավարությունը դիմել է Հայաստանի ոստիկանություն, և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Նախօրեին որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ Գյումրիում կրակոցներ են հնչում, նշվել էր նաև, որ զինված զինծառայող է փախել ռուսական ռազմաբազայից:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում հերքել էր Գյումրիում կրակոցների մասին տեղեկությունը։ Ահարոնյանը նաև նշել էր, որ տարածքային ոստիկանության հարցմանն ի պատասխան՝ Գյումրիի ռազմաբազայից հայտնել են, որ զորամասից որևէ զենք-զինամթերք դուրս չի բերվել։ –0–