Ոստիկանապետ Օսիպյանը դեմ է «Սասնա ծռեր»-ի անդամներին համաներում շնորհելուն. «Ես ընկերներ եմ կորցրել»
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը չորեքշաբթի կայացած դատական նիստում իր անհամաձայնությունն է հայտնել 2016 թվականի հուլիսին Երևանում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների համաներման վերաբերյալ։
ՊՊԾ շենքի գրավման գործը
«Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի համախոհները` «Սասնա ծռեր» զինված խումբը, 2016 թ.–ի հուլիսի 17–ին ներխուժել էր Երևանի ՊՊԾ գնդի շենք` պահանջելով իշխանությունների հրաժարականն ու Սեֆիլյանի ազատ արձակումը, ով կալանքի տակ էր զենքի ապօրինի պահման մեղադրանքով։ Սեֆիլյանը դատապարտվել էր 10 տարվա և 5 ամսվա ազատազրկման։ «Սասնա ծռերի» մյուս անդամները դատապարտվել էին տարբեր ժամկետներով։
2018 թ.-ի հունիսին դատարանը բավարարել է պաշտպանության միջնորդությունը «Սասնա ծռեր» խմբի մեծամասնության նկատմամբ` նրանց խափանման միջոցը փոխարինելով գրավի դիմաց ազատմամբ։
2016 թ.-ի հուլիսին, երբ գրավել էին ՊՊԾ գնդի շենքը, Օսիպյանը Երևանի փոխոստիկանապետն էր և որպես պատանդ գտնվում էր շենքի տարածքում:
Ոստիկանապետի դիրքորոշումը
«Ես ընկերներ եմ կորցրել: Եթե չկորցնեի ընկերներիս, հնարավոր է, դիրքորոշումս այլ լիներ: Կարծում եմ, որ ամեն մեկը պետք է պատասխանի օրենքի առաջ», - ասաց Օսիպյան` հանդես գալով որպես տուժած:
Պատասխանելով դատավորի հարցին, թե առարկու՞մ է «Սասնա ծռեր» խմբավորման մասնակիցների համաներմանը, Օսիպյանը դրական պատասխան է տվել:
«Այո, ես առարկում եմ: Դատական նիստը պետք է շարունակվի», - հայտարարեց նա: Բանավեճի ժամանակ Օսիպյանը հայտարարեց, որ առաջին կրակոցները ՊՊԾ գնդի տարածքում արվել են գունդը զավթածների, այլ ոչ թե ոստիկանության աշխատակիցների կողմից, ինչն առաջացրեց մեղադրյալների զայրույթը և վիրավորական բացականչությունները: Այդ առիթով դատավոր Մեսրոպ Մաքյանը զգուշացրել է կողմերին, որ եթե դահլիճի կարգը նորից խախտվի, նիստը կարող է շարունակվել փակ ռեժիմով: Օսիպյանը նշեց, որ եկել է ՊՊԾ գնդի տարածք բացառապես բանակցություններ վարելու նպատակով, այլ ոչ թե ինչ-որ առաջադրանք կատարելու:
«Եկել էի բացառապես բանակցությունների համար, որպեսզի իմանայի մահացածերի մասին և օգնություն ցուցաբերեի վիրավորներին», - ասաց նա:
Միաժամանակ Օսիպյանը հայտնեց, որ իրավապահ մարմինների անունից պահանջել է խմբի մասնակիցներից վայր դնել զենքը:
Ոստիկանության ղեկավարը նշեց, որ բազմաթիվ անգամներ պահանջել է դադարեցնել նկարահանել իրեն տեսախցիկով, սակայն խմբի մասնակիցները չեն կատարել ինչպես այդ, այնպես էլ իրեն մարտական ընկերոջ հուղարկավորման բաց թողնելու խնդրանքը` սպառնալով հաշվեհարդարով:
«Բազմաթիվ անգամներ զենքը ինձ են ուղղել և ասել են «Կգյուլլեմ»: Այո, խմբի մասնակիցների մեծ մասի վերաբերմունքն իմ նկատմամբ հարգալից էր, բայց ոչ բոլորինը», - ասաց նա:
Օսիպյանը նշեց նաև, որ ՊՊԾ գնդի գրավման բոլոր մանրամասներն անձամբ իմացել է խմբի մասնակիցներից, երբ բանակցություններ է վարել:
Ամբաստանյալների հայտարարությունները
Խմբավորման մասնակից Արեգ Կյուրեղյանը հայտարարեց, որ Օսիպյանին ներկայացվել են ՊՊԾ գնդի գրավման բոլոր հանգամանքները:
«Մենք հանդես եկանք սահմանադրական կարգի օգտին, որը խախտված էր գործող ռեժիմի կողմից», - հայտարարեց նա:
Ըստ նրա, Օսիպյանը «պատանդ չէր, այլ «գերի», քանի որ խմբավորումը «ազատագրական պայքար» էր վարում:
Խմբավորման մասնակից, «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն իր հերթին ասաց, որ Օսիպյանը օգտագործում է իր պաշտոնական լիազորությունները և ազդեցություն է գործում դատական նիստերի դահլիճում գտնվող ոստիկանության աշխատակիցների վրա, որպեսզի ազդի դատավարության ընթացքի վրա:-0-