ԱԻՆ–ի ահազանգի հետքերով. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ չի հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./ԱՌԿԱ/. Փետրվարի 3-ին, ժամը 12:21-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Կայքի հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:
«Պարզվել է, որ ահազանգը կեղծ էր. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել»,– նշվում է տարածված հաղորդագրության մեջ։-0-