Չարենցավանում բոտուլիզմի դեպք է գրանցվել. հոսպիտալացվել է 2 մարդ
07.02.2020,
11:15
Չարենցավանում բոտուլիզմի դեպք է գրանցվել, տուժածների վիճակը միջին ծանրության է
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./ԱՌԿԱ/. Փետրվարի 6-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով:
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը, համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված շուշանի թթուն է: Այս պահին հիվանդները գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում և ստանում համապատասխան բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։
ԱՆ–ից հիշեցնում են, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել իր համը, հոտը, գույնը և տեսքը:
Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում: Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:Բոտուլիզմից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է.
- խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
- տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
- մի´ գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
- առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի: