Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
449.14
RUB
4.9007
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 26, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Ոստիկանությունը խախտման 143 դեպք է դիտարկում

06.05.2013, 17:52
Հայաստանի ոստիկանությունում մայիսի 6–ի 14։30–ի դրությամբ դիտարկվել կամ դիտարկման ընթացքում է 143 դեպք` Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների քվեարկության օրը գրանցված խախտումների վերաբերյալ ստացված տեղեկության հիման վրա։
Ոստիկանությունը խախտման 143 դեպք է դիտարկում
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ոստիկանությունում մայիսի 6–ի 14։30–ի դրությամբ դիտարկվել կամ դիտարկման ընթացքում է 143 դեպք` Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների քվեարկության օրը գրանցված խախտումների վերաբերյալ ստացված տեղեկության հիման վրա։

Միաժամանակ, ոստիկանության «Թեժ գծով» ստացվել է 5 ահազանգ, իսկ երևանյան վարչության «թեժ գծով»` 54 ահազանգ։

Նշված 143 դեպքերից 40–ը վերաբերում է ընտրակաշառքներին, մեկը` ոչ սահմանված կարգով քվեարկությանը, 16–ը` ընտրողի ազատ կամարտահայտման ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 13–ը` քվեարկության արդյունքների կեղծմանը, 18–ը` թեկնածուի վստահված անձի, դիտորդի, լրագրողների, կուսակցության լիազոր ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 6–ը` քվեարկության գաղտնիքի խախտմանը, և 27–ը` այլ խախտումների (անճշտություններ ցուցակներում, վեճեր ընտրատեղամասում, կողոպուտ տեղամասում, կուտակումներ տեղամասերի մոտ, ընտրողների տեղափոխում)։

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ 11 ահազանգ է ստացվել Հայ հեղափոխական դաշնակցությունից, 12–ը` «Բարև, Երևան» դաշինքից և «Ժառանգություն» կուսակցությունից, 6–ը` «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից, մեկը` «Օրինաց Երկրից», 2–ը` «Բարգավաճ Հայաստանից» և 111–ը` այլ աղբյուրներից, այդ թվում` ԶԼՄ–ներից, հասարակական կազմակերպություններից և քաղաքացիներից։

Ամենամեծ թվով դեպքերն արձանագրվել են Մալաթիա վարչական կենտրոնում (34), ամենաքիչը` Էրեբունի վարչական կենտրոնում (7). Բացի այդ, 5 դեպք է գրանցվել Կենտրոն վարչական շրջանում, 28–ը` Արաբկիրում, 18 –ը`  Քանաքեռ–Զեյթունում, 16 – ը`Շենգավիթում, 9 –ը` Նոր Նորքում։  

«Պատրաստվում են նյութեր։ Չորս դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Երևանի Ավագանու ընտրությունները կայացան մայիսի 5–ին մայրաքաղաքի 12 վարչական շրջանների 464 ընտրատեղամասերում։ Ընտրացուցակներում ներառված էր 816475 մարդ։ Մասնակցությունը կազմեց 437 021 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 53,53 տոկոսը։

Ըստ նախնական տվյալների` քվեաթերթիկների մշակումից հետո բոլոր 464 ընտրատեղամասերում ՀՀԿ–ն հավաքեց 55,86 տոկոս (235 512 ձայն)։Երկրորդ տեղը զբաղեցրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (97 189 ձայն կամ 23,05%), երրորդը` «Բարև, Երևան» կուսակցական դաշինքը (35 732 ձայն կամ 8,47%)։

Նրանց հաջորդում են «Հայ ազգային կոնգրես» (18 499 կամ 4,39%), ՀՅԴ (15 999 կամ 3,79%), «Օրինաց Երկիր» (15 733 կամ 3,73%) և «Առաքելություն» ( 2692 կամ 0,64%) կուսակցությունները։

Ընտրություններին հետևեցին 27 կազմակերպություններից ավելի քան 6,6 հազար տեղի դիտորդներ։ Միջազգային կազմակերպությունները ներկայացված էին միայն Եվրախորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի կողմից։

Ավագանու խորհուրդը բաղկացած է 65 անդամից, ովքեր ընտրվում են բացառապես կուսակցական ցուցակներով։ Եթե կուսակցությունը կամ կուսակցական դաշինքը հավաքում է ձայների ավելի քան 50 տոկոսը, կուսակցական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում քաղաքապետին ընտրելու է Ավագանու ընտրված խորհուրդը։ Քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունքը պատկանում է Ավագանու խորհրդի մեջ մտնող խմբակցություններին։ Քաղաքապետն ընտրվում է Խորհրդի անդամների քվեարկությամբ։

Կուսակցությունների համար ընտրական պատնեշը սահմանվել է 6 տոկոս, կուսակցական դաշինքների համար`8 տոկոս մակարդակում։ –0–