Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռիում
21.04.2020,
12:17
Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռիում
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./ԱՌԿԱ/. Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ ծառայությունը:
«Ապրիլի 21-ին, տեղական ժամանակով ժամը 10:08-ին (Գրինվիչի ժամանակով 06:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ցանցի կողմից գրանցվել է 4.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում` Թելավի քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևելք»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.830 և արևելյան երկայնության 45.810:
Նշվում է, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:
«Երկրաշարժը զգացվել է Շնող գյուղում՝ 3 բալ և Ալավերդի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,- նշում են ԱԻՆ-ից: -0-