ԵԱԶԲ-ն շինարարության և վարկավորման պատճառով բացառել է ՀՀ-ի տնտեսության «գերտաքացման» ռիսկը (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Շինարարության և վարկավորման ոլորտում ներդրումների աճի պատճառով Հայաստանի տնտեսության «գերտաքացման» վտանգ չկա։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱԶԲ-ի վերլուծական աշխատանքի տնօրինության ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը։
«Գերտաքացման» համար պետք է ձևավորվեն որոշակի պայմաններ, ինչպես՝ սպառողական պահանջարկի ավելցուկը, գնաճը և տնային տնտեսությունների պարտքի բեռի ավելացում, սակայն այժմ նման ռիսկեր չկան»,- ասաց նա։
Կուզնեցովը հիշեցրեց, որ 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական աճը կազմել է 6%։
Ընդ որում այս աճի 1 տոկոսային կետն ապահովել է շինարարության ոլորտը (մոտ նույնքան 2023 թվականի արդյունքներով), իսկ հիմնական կապիտալում (ներառյալ շինարարությունը) ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 2 տոկոսային կետ (նույնքան 2023 թվականի արդյունքներով), մինչդեռ շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմել է գրեթե 7%։
Հետևաբար, ինչպես նշեց Կուզնեցովը, շինարարության ոլորտը չի կարող «գերտաքացման» պատճառ լինել, քանի որ այժմ Հայաստանի տնտեսությունն այդքան էլ կախված չէ այս ոլորտից։
«Կապիտալ ներդրումների ուղղությամբ պետական ծախսերի ընդլայնումը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության ներուժի ավելացումը վերջին տարիներին օգնում են բալանսավորել առաջարկն ու պահանջարկը՝ նվազեցնելով «գերտաքացման» ռիսկերը»,-ասաց նա։
Ըստ ԵԱԶԲ վերլուծաբանների կանխատեսումների՝ 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ տարվա համեմատ կաճի 6 տոկոսով, թեպետ նախկինում կանխատեսվում էր 7,5 տոկոս աճ։
«Կանխատեսման նվազեցման հիմնական պատճառը 2024 թվականի առաջին եռամսյակի ՀՆԱ տվյալների վերանայումն է։ Ինչպես նաև երկրորդ եռամսյակի վերջից նկատվում է արդյունաբերության աճի դանդաղում, հատկապես՝ վերամշակող արդյունաբերության ոլորտում, որտեղ արտադրության տեմպերը նվազել են, այդ թվում՝ թանկարժեք մետաղների ոլորտում, որը 2023 թվականին հզոր աջակցություն է ցուցաբերել տնտեսությանը»,-ասաց Կուզնեցովը։
Միևնույն ժամանակ նա նշեց, որ 2025 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է 5,5%։ Տնտեսությանը կօժանդակի հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության խթանումը։
«2025 թվականին հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության շնորհիվ ներքին պահանջարկը կշարունակի աճել, ինչը կօգնի տնտեսական աճը պահել 5,5% մակարդակում։ Բնակչության եկամուտների աճով պայմանավորված՝ ներքին սպառումը կդառնա Հայաստանի տնտեսության աճի առանցքային գործոն»,- ասաց Կուզնեցովը։
ՀՆԱ-ի կառուցվածքում 2023 թվականի և 2024 թվականի 9 ամիսների արդյունքներով տնային տնտեսությունների սպառումը կազմել է 65-70%։
Կուզնեցովը նաև չի բացառել, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսությունը դրական ազդակ կստանա իր հիմնական առևտրային գործընկերների արտաքին պահանջարկի աճից։