Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Ինչպես ներդրումներ կատարել բաժնետոմսերում և ստանալ շահույթ․ ուղեցույց՝ Unibank Invest–ից

10.10.2024, 12:03
Բաժնետոմսերում ներդրումներ կատարելու հետ կապված «ԱՌԿԱ» գործակալության հարցերին է պատասխանել Յունիբանկի Unibank Invest բրոքերային դեպարտամենտի ղեկավար Նարեկ Ղարիբյանը
Ինչպես ներդրումներ կատարել բաժնետոմսերում և ստանալ շահույթ․ ուղեցույց՝ Unibank Invest–ից

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ են մտածում բաժնետոմսերում ներդրում կատարելու մասին, հատկապես խոշոր հրապարակային ընկերությունների աճող ճանաչելիության պայմաններում։ Ինչու՞ բաժնետոմսերը կարող են ներդրումների հետաքրքիր գործիք դառնալ սկսնակների համար, ինչպե՞ս կարող է սկսնակն առաջին քայլերն անել ֆոնդային շուկայում՝ նվազագույն ռիսկերով և կապիտալի աճի համար առավելագույն հնարավորություններով։ Ինչպե՞ս են ներդրումների ռազմավարություններն ազդում եկամտաբերության վրա, և ինչպե՞ս կարելի է օգտագործել շահաբաժինները կայուն եկամուտ ստանալու համար։

Բաժնետոմսերում ներդրումներ կատարելու հետ կապված «ԱՌԿԱ» գործակալության հարցերին է պատասխանել Յունիբանկի Unibank Invest բրոքերային դեպարտամենտի ղեկավար Նարեկ Ղարիբյանը։ 

«ԱՌԿԱ»․ ինչու՞ բաժնետոմսերը կարող են հետաքրքրել սկսնակ ներդրողին՝ որպես ներդրումների օբյեկտ։ 

Ն․ Ղարիբյան․ բաժնետոմսերն արժեթղթեր են, որոնք ընկերությունում մասնաբաժին ունենալու հնարավորություն են տալիս։ Բացի այդ, բաժնետոմսի սեփականատերը իրավունք է ստանում քվեարկել բաժնետերերի ժողովի ժամանակ, և կախված բաժնետոմսերի տեսակից՝ ունենում է շահաբաժին (ընկերության շահույթի մի մասը) ստանալու իրավունք։ Խոսքը հրապարակային ընկերությունների բաժնետոմսերի մասին է, որոնք առուվաճառք են իրականացնում բորսայում։ 

Ինչու՞ բաժնետոմսերը կարող են հետաքրքիր լինել սկսնակ ներդրողին։ Որովհետև գնելով բաժնետոմսեր՝ ներդրողը դառնում է ընկերության համասեփականատեր։ Նրան իրավաբանորեն պատկանում է ընկերության մի մասը, նույնիսկ եթե այն փոքր է: 

Դա նշանակում է, որ նա իրավունք ունի մասնաբաժին ստանալ այն ամենից, ինչ պատկանում է ընկերությանը՝ գործարաններ, գույք, դրամական միջոցներ, մտավոր սեփականություն և այլ ակտիվներ: 

Հիմնական տարբերությունը բաժնետոմսերի և նույն կրիպտոարժույթի միջև, որն այժմ այդքան հայտնի է, այն է, որ կրիպտոարժույթը, ըստ էության, պարզապես հավատ է աճի նկատմամբ, դրա հետևում իրական ակտիվներ չկան: Երբ դուք բաժնետոմսեր եք գնում, իրականում դառնում եք ընկերության մի մասի սեփականատեր։ Կարող են լինել գործարաններ, գրասենյակներ, սարքավորումներ. եթե խոսքն արդյունաբերական ընկերության մասին է, կամ ավելի քիչ շոշափելի որևէ բան, ինչպիսիք են տեխնոլոգիաները, պատենտները կամ ծրագրային ապահովումը, եթե ՏՏ ընկերություն է: Ամեն դեպքում, բաժնետոմսերի հետևում միշտ ինչ-որ բան է կանգնած, և դա որոշակի արժեք է ստեղծում։ 

Բաժնետոմսերի եկամտաբերությունը բավականին բարձր է, ոչնչով սահմանափակված չէ և կարող է հասնել տասնյակ կամ հարյուրավոր տոկոսների։ Բերեմ այսպես կոչված «Հրաշալի յոթնյակի» ամենապարզ օրինակը։ Դրանցից վեցն հսկայական կապիտալիզացիա ունեցող ամերիկյան խոշորագույն ընկերությունների՝ Google-ի, Amazon-ի, Meta-ի, Microsoft-ի, Apple-ի, NVIDIA-ի բաժնետոմսերն են։ Որոշ ընկերությունների մասով այն գերազանցում է 1 տրիլիոն դոլարը, և նրանց հուսալիությունը կասկած չի հարուցում։ Եթե դիտարկենք ընկերությունների եկամտաբերությունը տարեսկզբից, ապա դա տասնյակ տոկոսներ են Nvidia–ի դեպքում, որը նույնպես ներառված է «Հրաշալի յոթնյակում», դա հարյուրավոր տոկոսներ են։ Եվ միայն մեկ ընկերություն է գրանցել բացասական եկամտաբերություն, Tesla–ն։ Բայց եթե մարդը գներ բոլոր յոթ ընկերությունների բաժնետոմսերը, դրանցից վեցի եկամտաբերությունը հեշտությամբ կծածկեր այդ մեկ ընկերության վնասը։ 

«ԱՌԿԱ»․ ի՞նչ հիմնական ռիսկեր կան՝ բաժնետոմսերում ներդրումներ կատարելիս, և ինչպե՞ս սովորել դրանք կառավարել։ 

Ն․ Ղարիբյան․ կարևոր է հաշվի առնել բաժնետոմսերի հետ կապված երկու առանցքային ռիսկ՝ շուկայական, երբ բաժնետոմսի արժեքը նվազում է, և թողարկողի վարկային ռիսկը։ Կան որոշակի ռազմավարություններ այդ ռիսկերը նվազեցնելու համար․ ակտիվների դիվերսիֆիկացում, որը ենթադրում է տարբեր ոլորտների, երկրների և տարբեր շուկայական կապիտալիզացիայով ընկերությունների բաժնետոմսերի գնում, ինչպես նաև կորպորատիվ հաշվետվության վերլուծություն։ Քանի որ ընկերությունները, որոնց բաժնետոմսերը գնվում և վաճառվում են բորսայում, պարտավոր են հրապարակել իրենց հաշվետվությունները, ներդրողները կարող են օգտագործել այդ տեղեկատվությունը ընկերության ֆինանսական վիճակը գնահատելու համար։ Դրա համար կան հատուկ կայքեր, որտեղ ընկերությունների հիմնական ցուցանիշները ներկայացված են հասարակ ներդրողների համար հարմար և հասկանալի ձևով։ 

Օրինակ, Unibank Invest կայքում կա բաժին, որտեղ հավաքված է հիմնական տեղեկատվությունն այն մասին, թե ինչպես է աշխատում բորսան, ինչ է բաժնետոմսը և ինչ տեսակներ կան։ «Վերլուծություն» բաժնում կարելի է գտնել մեր ներդրումային գաղափարները։ Մենք ներկայացնում ենք բազմաթիվ օգտակար նյութեր, որոնք կօգնեն ընդունել հիմնավոր ներդրումային որոշումներ։ 

Բայց դրա համար կարևոր է սովորել ընթերցել մասնագիտական գրականություն, հետևել նորություններին և գնահատել ռիսկերը։ 

Հասկանում եմ, որ շատերի համար դա կարող է ձանձրալի թվալ, կամ նրանք պարզապես ժամանակ չունեն դրա համար։ Հենց նման դեպքերի համար գոյություն ունեն պատրաստի լուծումներ՝ ներդրումային հիմնադրամներ, որոնք զբաղվում են ներդրումներով, իսկ ներդրողը ստանում է շահույթ նրանց աշխատանքից։ 

«ԱՌԿԱ»․ իսկ եթե մարդն ինքն է ցանկանում զբաղվել ներդրումներով, ի՞նչ գործոններ է անհրաժեշտ հաշվի առնել՝ ընկերություն ընտրելիս։  

Ն․ Ղարիբյան․ բաժնետոմսերը վերլուծելիս կարևոր է հաշվի առնել մի քանի առանցքային ցուցանիշներ՝ ընկերության պարտքային բեռը, նրա եկամտաբերությունը, ոլորտի ակտուալությունը և պրոդուկտի բացառիկությունը։ Նաև անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, թե ինչպես է ընկերությունը հետևում օրենսդրությանը՝ բիզնես վարելիս։ 

Բաժնետոմսերի ընտրության վրա ազդող բազմաթիվ գործոնների թվում առանձնանում է դիվիդենտային քաղաքականությունը։ Որոշ ընկերություններ շահաբաժինները վճարում են տարեկան կտրածքով, և շատ ներդրողներ ընտրում են հենց նման ընկերություններ կայուն եկամուտ ստանալու համար։ Նույնիսկ գոյություն ունի «դիվիդենտային արիստոկրատներ» հասկացություն, դրանք ընկերություններ են, որոնք ավելի քան 25 տարի անընդմեջ վճարում են շահաբաժիններ։ 

Վերլուծության առանցքային բաղադրիչն ընկերությունների հաշվետվության տվյալներն են։ Ինչպես արդեն նշվեց, մեր կայքում կա վերլուծության բաժին, որտեղ ներկայացված են հաշվետվության հիմնական ցուցանիշները, որոնք կարելի է օգտագործել բաժնետոմսերի ընտրության ժամանակ հավասարակշռված որոշումներ ընդունելու համար։ 

«ԱՌԿԱ»․ ինչո՞վ են տարբերվում բաժնետոմսերում ներդրումների երկարաժամկետ և կարճաժամկետ ռազմավարությունները, և դրանցից որո՞նք են ավելի հարմար սկսնակ ներդրողին։ Մասնավորապես, կարելի՞ է գումար աշխատել բաժնետոմսերով կարճաժամկետ հեռանկարում, թե՞ ավելի լավ է կողմնորոշվել երկարաժամկետ ներդրումների վրա։ 

Ն․ Ղարիբյան․ կարճաժամկետ ռազմավարություններով, անխոս, կարելի է գումար աշխատել։ Սակայն, եթե խոսքը ներդրումների մասին, է ապա դա երկարատև խաղ է, քանի որ կարճ ժամանակում ռիսկերը շատ են ավելանում։ Երբ խոսքը բաժնետոմսերի մասին է, ավելի լավ է կողմնորոշվել մեկ տարվա կտրվածքով, եթե ոչ՝ 3 կամ 10 տարվա, քանի որ բոլոր այն ռիսկերը, որոնց մասին խոսել ենք, փոխհատուցվում են ժամկետների հաշվին։ 

Պատմական հետահայացքը ցույց է տալիս, որ բաժնետոմսերի մեծ մասը երկարաժամկետ հեռանկարում՝ առնվազն սկսած երեք տարուց, եկամտաբեր է։ Դա բավարար է բաժնետոմսերում ներդրումներ կատարելիս առաջացած ռիսկերը փոխհատուցելու համար։ Եթե վերադառնանք «Հրաշալի յոթնյակի» օրինակին, ապա այդ բաժնետոմսերի եկամտաբերությունը երեք տարում հսկայական է՝ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր տոկոսներ։ 

Այդ պատճառով եթե խոսում ենք ներդրումների մասին, է պետք է դա անել երկարաժամկետ հեռանկարով, ընտրել ռազմավարություն՝ կախված ռիսկ–պրոֆիլից։ Այս հարցում կարող են օգնել նաև Unibank Invest–ի աշխատակիցները, և կախված հաճախորդի նպատակից՝ ընտրել այն ռազմավարությունը, որը հարմար է կոնկրետ նրան, որպեսզի նա ճիշտ ներդնի դրամական միջոցները։ 

«ԱՌԿԱ»․ ինչպե՞ս են տնտեսական նորություններն ու իրադարձություններն ազդում բաժնետոմսերի շուկայի վրա, և պե՞տք է, արդյոք, սկսնակ ներդրողը հետևի նորություններին։ 

Ն․ Ղարիբյան․ այո, անխոս, այս կամ այն արժեթղթեր ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել բազմաթիվ մակրոտնտեսական գործոններ։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել որոշ հիմնական պարամետրերի ՝ Կենտրոնական բանկի տոկոսադրույքին, գնաճի, ՀՆԱ–ի մասով տվյալներին։ Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել քաղաքական իրադարձություններին, հակամարտություններին, երկրների միջև առևտրային համաձայնագրերին, կորպորատիվ նորություններին՝ ընկերությունների կլանում, վաճառք։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև կարգավորող մարմնի կամ օրենսդրական փոփոխությունները։ 

Բայց եթե խոսքը երկարաժամկետ ներդրումների մասին է, ապա ավելի լավ է «չխորանալ» նորությունների մեջ, այլ որոշումներ ընդունելիս հաշվի առնել դրանք։ Նորությունների հիման վրա առևտուրը կամ ներդրումները շատ մեծ սխալ է, չարժե նման բան անել։

Քանի որ վերլուծության ամբողջ գործընթացը զբաղեցնում է շատ ժամանակ, որը ներդրողների մեծ մասը չունի, ավելի լավ է դիմել ներդրումային ընկերությանը կամ բրոքերի։ Նրանք կօգնեն հավաքել անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ներկայացնելով այն հարմար և հասկանալի ձևով, որպեսզի ներդրողը ստիպված չլինի փնտրել ինքնուրույն, ինչը շատ է հեշտացնում որոշումներ կայացնելու գործընթացը։ 

«ԱՌԿԱ»․ ինչպե՞ս հասկանալ, որ եկել է բաժնետոմսերը վաճառելու ժամանակը, ի՞նչ ազդանշանների է պետք ուշադրություն դարձնել։ 

Ն․ Ղարիբյան․ պատասխանը պարզ է, կարող եք վաճառել բաժնետոմսերը ցանկացած պահի, երբ համարեք, որ բավարար եկամուտ եք ստացել։ Սակայն, եթե խոսենք ռազմավարության մասին, այստեղ ամեն ինչ կախված է ձեր սկզբնական նպատակներից։ 

Օրինակ, եթե բաժնետոմսերի գինը շատ է աճել, կարող է առաջանալ դրանք վաճառելու ցանկություն, նույնիսկ եթե ներդրումների ժամկետը դեռ չի լրացել։ Բայց դա միշտ չէ, որ ճիշտ քայլ է, քանի որ ռազմավարության մեջ կարևոր է չտրվել էմոցիաների կարճաժամկետ աճի պատճառով, այլ հետևել համալիր մոտեցմանը։ Բաժնետոսմերի վաճառքի մասին որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնել մի քանի գործոն, օրինակ՝ ներդրումների ժամկետն ու ակնկալվող եկամտաբերությունը։ 

Հաջող ներդրումների առանցքային բաղադրիչներից են կարգապահությունն ու ռազմավարությանը հետևելը։ Կարևոր է բաժնետոմսերի առուվաճառքի գործարքները կատարել՝ հենվելով սեփական ներդրումային ռազմավարության, ոչ թե շուկայի ակնթարթային տատանումների վրա։ 

«ԱՌԿԱ»․ իսկ ներդրումային ռազմավարության մեջ ինչպե՞ս կարելի է օգտագործել շահաբաժինները։ 

Ն․ Ղարիբյան․ դասական ռազմավարություններից է դիվիդենտային պորտֆելը։ Ինչպես արդեն նշեցի, կան ընկերություններ, որոնց անվանում են «դիվիդենտային արիստոկրատներ»։ Դրանք բոլորին բավականին ծանոթ անուններ են՝ McDonald's, Coca-Cola, Procter & Gamble և շատ ուրիշ ընկերություններ, որոնք ավելի քան 25 տարի վճարում են շահաբաժիններ։ 

Կան նման ընկերությունների արժեթղթերի գնման վերաբերյալ պատրաստի ռազմավարություններ։ Այստեղ գինը մղվում է երկրորդ պլան, քանի որ բաժնետերն ամեն տարի կամ տարին մի քանի անգամ ստանում է դրամական հոսք։ Նրան, իհարկե, պետք է մտահոգի գնի փոփոխությունը, բայց դա արդեն այդքան էլ կարևոր չէ, քանի որ նա գնել է ընկերության բաժնետոմսերը շահաբաժիններ ստանալու համար, և ընկերությունը կվճարի դրանք՝ անկախ բորսայում գնի փոփոխության։ 

Մենք, որպես բրոքերային ընկերություն, կարող ենք հաճախորդների համար հավաքել նաև դիվիդենտային պորտֆել, որպեսզի նրանք ստիպված չլինեն դրա վրա ժամանակ ծախսել։ Այդկերպ նրանք կարող են ստանալ տարեկան եկամուտ աշխարհի խոշորագույն ընկերություններից։ 

«ԱՌԿԱ»․ ի՞նչ ինտերնետային հարթակներ կարող են օգնել ներդրողին տեղեկատվության տեսակետից, մասնավորապես, բաժնետոմսերի և գնանշումների մասին։ Ի՞նչ գրքեր խորհուրդ կտայիք սկսնակ ներդրողին։ 

Ն․ Ղարիբյան․ գրականություն, անխոս, կա, բայց խորհուրդ չէի տա սկսնակներին ընթերցել նեղ մասնագիտական գրականություն։ Սկսնակ ներդրողների համար կան բազմաթիվ գրքեր, այդ թվում՝ շատ հայտնի, օրինակ՝ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» (հեղինակներ՝ Ռոբերտ Տ․ Կիյոսակի և Շերոն Լեխտեր, խմբ․)։ Այս գիրքն, իհարկե, ավելի շատ ֆինանսական կրթվածության մասին է, բայց նմանատիպ գրականությունը շատ օգտակար է։ Կարելի է ընթերցել Բենջամին Գրեհեմի «Խելացի ներդրող» գիրքը։ Իրականում շատ գրքեր կան։ Խորհուրդ կտայի ընթերցել որքան հնարավոր է շատ, քանի որ չկա մի գիրք, որը կարդալով՝ կդառնաք ներդրումների գիտակ։ Կարելի է ընթերցել նաև արժեթղթերի մասին դասագիրքը, որտեղ ներկայացված են հիմնական հասկացությունները։ Այն կծառայի որպես հիմք, ինչից հետո հաջորդ գրքերը կլինեն շատ ավելի հասկանալի։ 

Կան նաև տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ինտերնետային պորտալներ, այդ թվում՝ Yahoo Finance–ը, Investing.com–ը, TradingView–ն, որտեղ ներկայացված են շուկայական տվյալներ, հրապարակվում են վերլուծական հոդվածներ, հնարավորություն կա ծանոթանալ գրաֆիկներին, շփվել ներդրողների հետ, մասնակցել ֆորումների։

Մեր կայքում ևս կա տեղեկատվություն ներդրումների ոլորտի հիմնական հասկացությունների մասին, ինչպես նաև ներդրումային գաղափարներ՝ Unibank Invest–ից։