«Չենք բավարարվելու ներկայիս ձեռքբերումներով». Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյան
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./ԱՌԿԱ/. Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանն հարցազրույցում խոսել է բանկի նախորդ տարվա ցուցանիշներից, մոտ ապագայում նախատեսված ծրագրերից, ինչպես նաև հայկական բանկային շուկայի առջև ծառացած մարտահրավերներից։
- Պարոն Նալթակյան, սկսենք նախորդ տարվա ցուցանիշներից․գո՞հ եք 2019 թվականի արդյունքներից։
Ինչ խոսք, մեր թիմը կարողացել է բավականին լավ արդյունքներ գրանցել ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ուղղություններով։ Բիզնեսի տեսանկյունից ամենակարևորը՝ մենք դարձյալ շուկայի առաջատարներից ենք կապիտալի շահութաբերությամբ և զուտ շահույթով։ Սրանք ներդրողների համար թերևս ամենակարևոր ցուցանիշներն են։
Մյուս կողմից հետաքրքիր զարգացումներ ունենք թե՛ մանրածախ, թե՛ կորպորատիվ բիզնեսի ուղղություններում։ Մանրածախ բիզնեսում ամենաակնառուն հիփոթեքային պորտֆելի ռեկորդային՝ մոտ 90% աճն է, որի արդյունքում բանկը ներկայումս զբաղեցնում է 4-րդ դիրքը, իսկ առաջիկայում թիրախավորել ենք դառնալ այդ շուկայի առաջատարը։ Դրան զուգահեռ մենք 3-րդն ենք շուկայում ֆիզիկական անձանցից ներգրավված ցպահանջ միջոցներով։ Այս ցուցանիշների համադրությունը հստակ մատնանշում է, թե ինչ ուղղությամբ է շարժվում բանկը․ մենք աստիճանաբար ընդլայնում ենք մեկ հաճախորդին մատուցվող ծառայությունների փաթեթը՝ փորձելով հնարավորինս անհատականացված լուծումներ առաջարկել յուրաքանչյուր սեգմենտին։ Մյուս կարևոր ուղղությունը, բնականաբար, թվային բանկինգն է։ Մենք այս ոլորտի առաջամարտիկներից ենք եղել մեր տարածաշրջանում և միջազգային մակարդակի լուծումների մշակմանը զուգահեռ կարողացել ենք հանձն առնել նաև մեր հանրությանը այս գործում առաջնորդելու և կրթելու գործը։ Այս գործընթացը վերջիվերջո հանգեցրել է նրան, որ 2019թ․ օնլայն բանկինգից օգտվող հաճախորդների թվի ռեկորդային՝ 47% աճ ունեցանք, և կարող ենք արձանագրել, որ մեր հաճախորդների մեծ մասը բանկի ծառայություններից օգտվում է առանց բանկ այցելելու՝ համակարգչով կամ սմարթֆոնով 24/7 ռեժիմով։
Համանման պատկեր է նաև կորպորատիվ բիզնեսում․ այստեղ էլ մեր առանձնացված մասնաճյուղային սպասարկումը, բիզնեսի համար համահունչ օնլայն բանկինգը ու հաճախորդների պահանջներին հարմարեցված պրոդուկտային լուծումները թույլ են տվել ամրապնդել մեր դիրքը կորպորատիվ վարկավորման շուկայում։ Ընդ որում, շատ կարևոր է ընդգծել, որ մեր բիզնես հաճախորդների մեծամասնությունը ՓՄՁ-ներն են, որոնք երկրի տնտեսության զարգացման շարժիչ ուժն են։ Սա էլ ոչ պակաս հպարտության առիթ է մեզ համար։
Այս ամենին զուգահեռ չենք պատրաստվում բավարարվել ներկայիս ձեռքբերումներով․ մեր նպատակները շատ ավելի հեռանկարային են, և առաջիկա տարիների ընթացքում կդառնանք դրանց իրագործման ականատեսը։
- Նման հայտարարությունից հետո հարց է առաջանում, թե ինչ պետք է սպասել Ինեկոբանկից տեսանելի ապագայում։
Մոտ ապագայում նախանշել ենք հետաքրքիր միջոցառումներ, որոնցից մի մասն արդեն մեկնարկած է։ 2020-ը սպորտային մեծ իրադարձություններով հագեցած տարի է լինելու, և Հայաստանի ամենաերիտասարդ հաճախորդների սեգմենտ ունեցող բանկը չէր կարող անմասն մնալ այս ամենից։ Արդեն հայտարարել ենք ԵՎՐՈ2020 առաջնության ցուցադրման հովանավորության և դրա շրջանակներում նախատեսված անկանխիկ վճարումների խրախուսման ակցիայի մասին։ Ընդ որում խոսքը վերաբերում է թե՛ քարտերով, թե՛ Ինեկոփեյով իրականացված գործարքներին։
Ավելի երկարաժամկետ նախագծերն առնչվում են մեր ենթակառուցվածքներին։ Այս ուղղությամբ մեծածավալ ներդրումներ ենք արել թե՛ բարձր տեխնոլոգիաների, թե՛ սպասարկման ոլորտներում, որոնք թույլ են տալու ապահովել բիզնեսի հետագա աճը։ Ենթակառուցվածքային այս նախագծերն իրագործելուց հետո, սպասվում են շատ ավելի լավ և հետաքրքիր նորություններ։ Եթե մի քանի բառով՝ դրանք կառնչվեն անձնական ֆինանսների կառավարմանը, նոր օնլայն պրոդուկտների ներդրմանը, անհպում վճարումների զարգացմանը, հաճախորդի փորձի բարելավմանն ու անհատականացմանը թե՛ թվային հարթակներում և թե՛ նոր բրենդբուքով թարմացվող մասնաճյուղերում։
- Ենթադրում եմ այդ ճանապարհն անցնելը հեշտ չէ։ Որո՞նք են այս պահին հայաստանյան բանկային համակարգի առաջ կանգնած ամենալուրջ մարտահրավերները և ինչպե՞ս եք պատրաստվում դիմագրավել դրանց։
Մեր ոլորտի ամենամեծ մարտահրավերներից մեկը լոկալ շուկայի մեծությունն է, որը հաճախ թույլ չի տալիս բիզնեսին կատարված ներդրումների համար մասշտաբի էֆֆեկտի հասնել։ Կարծում եմ 17 բանկի առկայությունը մեր փոքր և հագեցած շուկայի համար իրոք շատ է, և որպես տրամաբանական զարգացում պետք է ակնկալել բանկային համակարգում որոշակի կոնսոլիդացիոն գործընթացներ։
Հաջորդը Հայաստանի ներդրումային միջավայրի զարգացումն է։ Այս առումով հատկապես կարևոր են դատական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումները և թափանցիկ օրենսդրական դաշտը․ ներդրումային միջավայրը կարող է զարգանալ միայն այն երկրներում, որտեղ գործում է արդյունավետ դատական համակարգ։ Ուրախ եմ, որ այս առումով որոշակի քայլեր արդեն արվում են։ Ներդրումային միջավայրի զարգացման տեսանկյունից ոչ պակաս կարևոր եմ համարում նաև օրենսդրական դաշտի կայունությունը։ Վերջերս, օրինակ, բավականին շատացել են ֆինանսաբանկային համակարգի բարելավումներին միտված տարաբնույթ օրենսդրական նախաձեռնությունները։ Օրենսդրական ոլորտի անընդհատ զարգացումն իհարկե ողջունելի է, սակայն կարծում եմ՝ փոփոխությունները պետք է լինեն շատ ավելի խորքային՝ հիմնված բիզնեսի և ոլորտի լավագույն մասնագետների հետ բովանդակալից քննարկումների վրա, հակառակ դեպքում դրանք չեն կարող դրական ազդեցություն ունենալ։
Կարևոր է նաև անկանխիկ վճարումների զարգացումը։ Այս առումով որոշակի ակտիվություն, իհարկե, նկատվում է, բայց կարծում եմ՝ մեր քայլերը պետք է լինեն շատ ավելի համարձակ․ անկանխիկի խրախուսմանը նպաստող օրենսդրական նախաձեռնությունների շնորհիվ Հայաստանում կաճի բիզնեսի թափանցիկությունը, ինչն էլ, որպես արդյունք, կբարձրացնի ներդրողների վստահությունը։
Այս մարտահրավերները հաղթահարելն իհարկե հեշտ չէ, և պահանջում է շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավվածությունը։ Մենք բաց ենք նմանատիպ համագործակցության համար, և վստահ եմ, որ պետություն-մասնավոր հատված համագործակցության հենքի վրա կարողանալու ենք տեսանելի ապագայում իսկապես շոշափելի արդյունքներ գրացնել։
ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500,000 հաճախորդի, որոնցից ավելի քան 200 000-ին` թվային ուղիներով:
Իր գործունեության ընթացքում բանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։
· 2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրեց «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատաված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչև մի քանի րոպեի։
· 2012թ.-ին իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:
· 2014թ.-ին ներդրեց InecoMobile բջջային հավելվածն, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։
· Հանդիսանալով ֆինտեխ առաջատար կառույցներիցներից մեկը` Ինեկոբանկը շարունակաբար աջակցելու է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ու կայացմանը Հայաստանում` նպաստելով տնտեսության կայուն աճին: 2017թ.-ին բանկը առաջինն էր, որ ներդրեց ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:
Առաջին ամբողջական թվային բանկը Հայաստանում, որը անհատներին ապահովում է թվային ամբողջական լուծումներ՝ վճարումներ, վարկավորում, խնայողություններ և այլ հարակից ծառայություններ 24/7 հասանելիությամբ։–0–