Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար

14.05.2024, 15:39
ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակում Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կկայանա «Կապիտալի շուկաներ. Մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ» պանելային քննարկումը
Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակում Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կկայանա «Կապիտալի շուկաներ. Մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ» պանելային քննարկումը: Թեմայի շուրջ զրուցել ենք Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանի հետ:

- Պարոն Զաքարյան, ինչո՞վ է պայմանավորված թեմայի ընտրությունը: 

-Կապիտալի շուկաները, նրանցում կատարվող շարժերը, դրանց միտումներն էակալն փոխադարձ ազդեցություն ունեն առանձին երկրների տնտեսությունների և համաշխարհային տնտեսության վրա: Ընդհանրապես տնտեսության զարգացմանը համընթաց ձևավորվող կամ եթե կուզեք ՛՛արտադրվող՛՛ հարստությունը տնօրինման և կառավարման կարիք ունի, ինչը լայն իմաստով ֆինանսական ինդուստրիայի կառավարման օբյեկնտ է: Այդ հարստությունը հոսում է կապիտալի շուկաներ, ձևավորում դրանց հիմնաքարերը, թելադրում առաջընթացի իր կանոնները: Ընդ որում, ավելի լայն համատեքստում կապիտալի շուկաների վրա են ազդում ոչ միայն մեծ տնտեսությունների կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականությունների կուրսը, այլև աշխարհաքաղաքական կարևոր իրադարձությունները: Նման իրադարձությունների պակաս չունենք, ուստի շատ ենք կարևորում կապիտալի շուկաների վերլուծումը դրանցում տեղի ունեցող շարժերը հասկանալու և որոշակի կանխատեսումներ անելու նպատակով:    

- Ինչպե՞ս կբնորոշեք Հայաստանի կապիտալի շուկան: Որո՞նք են հիմնական մարտահրավերներն և ինչպիսի՞ զարգացման հեռանկար եք տեսնում: 

- Հայաստանում կապիտալի շուկան նոր ձևավորվող ու զարգացող ինստիտուտ է՝ զարգացման ուրույն հնարավորություններով և մարտահրավերներով, ինչպիսիք են՝ ֆինանսական շուկայում գործիքների, ինչպես նաև արժեթուղթ թողարկողների սակավություն, կապիտալի շուկաներ մուտք գործելու թույլ արտահայտված ցանկություն, ներդրումային սահմանափակ հնարավորություններ և այլն: Ներկայում ավելի արագ զարգանում է դրամական և պարտքային արժեթղթերի շուկան, որի հիմնական մասնակիցները ֆինանսական հաստատություններն են՝ բանկերը: Կան նաև սակավաթիվ բաժնային արժեթղթերի թողարկողներ, որոնց մասնակցությունը հնարավոր չէ գերագնահատել, քանի որ անկյունաքարային ազդեցություն են ունենալու հետագա զարգացման ընթացքի վրա:        

Ինչ վերաբերում է հեռանկարներին, ապա, կարծում եմ, Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը կախված է լինելու նոր թողարկողների և թողարկումների քանակային շեշտակի ավելացումից, և թե ինչպես կստացվի այդ ընկերություններին կապիտալի շուկաներ բերելու գործընթացը: 

Նախադրյալները արդեն ստեղծվում են. հայտնվել են նոր մասնակիցներ, կա կապիտալի շուկայի պրոդուկտների ստեղծման, գործարկման որոշակի պահանջարկ, ներդրումային բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատություններ և այդ ուղղություններով ձեռնարկված ակտիվ քայլեր: 

-Ինչպե՞ս կազդի կապիտալի շուկայի զարգացումը ՀՀ տնտեսության վրա: 

-  Եթե շատ կարճ ձևակերպենք, ապա պետք է նկատի ունենալ, որ առանց տվյալ ինիստիտուտի կայացման տնտեսության համակողմանի կայուն զարգացումը դժվար պատկերացնելի է: Այն իրացվելիության, երկար փողերի, տնտեսության տարբեր ռիսկային պրոֆիլներ ունեցող ոլորտներում ռեսուրսների ներգրավման անփոխարինելի աղբյուր է, հատկապես կապիտալատար ձեռնարկությունների համար: Կապիտալի շուկան պետության տնտեսական հիմնասյուներից մեկն է, ուստի դրա կայացումը և ինտեգրումը գլոբալ շուկաներին Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների համար բիզնեսի զարգացման լայն հնարավորությունների հարթակ է:  

-;Ինչպիսի՞ն է Կոնվերս Բանկի քաղաքականությունը այս հարցում: 

-  Որպես Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը, մենք նույնպես կիսում ենք կապիտալի շուկան կայացնելու և զարգացնելու պատասխանատվությունը: Ներկա փուլում տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններին աջակցում ենք արժեթղթերի թողարկման և տեղաբաշխումների իրականացման գործընթացում, հանդես ենք գալիս որպես տարբեր արժեթղթերի շուկա ստեղծող, ձևավորում արժեթղթերում ներդրումներ կատարելու թվային ենթակառուցվածքներ և այլն:

-  Ի՞նչ ակնկալիք ունեք պանելային քննարկումից:

-   Հաշվի առնելով ընդգրկված փորձագետների շրջանակը մեզ սպասվում է հետաքրքիր և արդյունավետ աշխատանք, որի ընթացքում քննարկվելու ոչ միայն Հայաստանի կապիտալի շուկային վերաբերող հարցեր, այլև կապիտալի շուկայի զարգացման, մարտահրավերների հաղթահարման միջազգային փորձը:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: