Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Համախմբվածությունն է խնդրի միակ լուծումը կորոնավիրուսի հետ կապված բարդ իրավիճակում. MBG ղեկավար

25.03.2020, 17:39
Margaryan Business Group–ի գլխավոր տնօրեն Կարեն Մարգարյանի հարցազրույցը` «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալություններին #SaveBusiness հատուկ նախագծի շրջանակում
Համախմբվածությունն է խնդրի միակ լուծումը կորոնավիրուսի հետ կապված բարդ իրավիճակում. MBG ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./ԱՌԿԱ/. Margaryan Business Group–ի գլխավոր տնօրեն Կարեն Մարգարյանի հարցազրույցը` «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալություններին #SaveBusiness հատուկ նախագծի շրջանակում։ 

Ինչպե՞ս է փոխվել ձեր գործունեությունը համաճարակի օրերին:

MBG (21).jpg

Կ. Մարգարյան. Դեռ փետրվարի վերջին, աշխատողների և հաճախորդների անվտանգության և առողջության պաշտպանության շրջանակներում մենք ներդրեցինք ռեստորանների ախտահանման լրացուցիչ ստանդարտներ ևս՝ ռեստորանների տարածքները պարբերաբար օդափոխելով և ախտահանելով, բոլոր ռեստորաններում տեղադրելով ձեռքերի մաքրման միջոցներ աշխատակիցների և հաճախորդների համար, բոլոր հյուրերին անխտիր տրամադրելով քլոր պարունակող թաց անձեռոցիկներ և իհարկե, աշխատակիցների համար կազմակերպելով կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ իրազեկման միջոցառումներ:

Սակայն հետագա զարգացումը բերեց նրան, որ մարտի 15-ին՝ անգամ մինչ Կառավարության կողմից արտակարգ ռեժիմ սահմանելու մասին որոշումը, ելնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից, հրապարակեցինք մեր ընկերության կազմում գործող ռեստորանները մինչ մարտի 23-ը փակելու մասին որոշումը: 

Սակայն հաշվի առնելով վերջին շրջանում երկրում վարակի լայն տարածումը և հետևելով տանը մնալու պատկան մարմինների հորդորներին՝ որոշում կայացրինք նշված ժամկետը մինչեւ կարանտինի ավարտ երկարաձգելու մասին։ Հուսանք, որ իրադարձությունների հետագա զարգացումը թույլ կտա ռեստորանների դռները բացել մեր հյուրերի առաջ նշված ժամկետից էլ ավելի շուտ:

Ներդրե՞լ եք արդյոք առաքման սեփական ծառայություն: Որքանո՞վ է այն պահանջված: Ի՞նչ են հիմնականում պատվիրում:

MBG (21).jpg

Կ. Մարգարյան. Առաքման սեփական ծառայությունը, իհարկե, ներդրել ենք անմիջապես ռեստորանների փակվելու լուրը հայտարարելուն պես՝ նախ ընդառաջելով մեր հավատարիմ հաճախորդների խնդրանք-պահանջին, ապա խրախուսելով մեր համաքաղաքացիների տանը մնալու գաղափարը: Մեր աշխատակիցները, հատուկ պաշտպանիչ համազգեստով, ձեռնոցներով և դիմակներով կազմակերպում են առաքումները հնարավոր ամենակարճ ժամկետում:

Պիտի ասեմ, որ առաքման ծառայությունը ընկերության տեսանկյունից ոչ այնքան ֆինանսական կայունություն ապահովելու համար է կարևոր այս օրերին, որքան քո աշխատակիցների մի մասին հարկադիր պարապուրդից փրկելու, այլ աշխատանք առաջարկելու:

Ինչ վերաբերում է պահանջարկին՝ այն օր-օրի մեծանում է, ես դա պայմանավորում եմ մեր նկատմամբ տածած վստահությամբ. մեր ընկերության հավատարիմ հաճախորդը ցանկանում է, որ գործընթացի ողջ պատասխանատվությունը՝ մթերքի ընտրությունից մինչ պատրաստի կերակուրի առաքում, մենք կազմակերպենք՝ կրելով ողջ պատասխանատվությունը:

Հակակորոնավիրուսյան ակցիաներ նախաձեռնե՞լ եք:

MBG (21).jpg

Կ. Մարգարյան. Կարևորելով այս օրերին երկրում տիրող իրավիճակում բուժաշխատողների մեծ դերն ու ներդրումը, որպես շնորհակալության արտահայտման ձև մեր ընկերության կազմում ներառված  7 ռեստորաններով, Զատիկ և Բեկոն պրոդուկտ ընկերություններով նախաձեռնեցինք Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում հիվանդների կողքին անդադար հերթապահող բուժանձնակազմին սնունդ մատակարարելու գործը:

Շատ ուրախ եմ, որ ռեստորատորներից շատերը արձագանքեցին մեզ միանալու կոչին և հիմա ամենատարբեր ուղղություններով աջակցում են: Genacvale Pandok-ը, Buffalo Grill Bar-ը միացան հենց հիվանդանոցին ուտելիքներ ուղարկելու նախաձեռնությանը, Կարաս ազգային սննդի ցանցը կազմակերպեց մեկուսացված հարյուրավոր քաղաքացիներին սննդով ապահովելու գործը:

Մեր ոլորտում բոլորը համախոհներ են և համագործակցում են ընդհանուր գաղափարի շուրջ:

Հիմա նաև հոգ ենք տանում վիրուսի նկատմամբ առավել զգայուն մարդկանց՝ մասնավորապես միայնակ տարեցների անվտանգության մասին՝ առաջին անհրաժեշտության ապրանքների փաթեթներ առաքելով նրանց բնակարաններ:

Հույս ունե՞ք, որ պետությունը կօգնի, ի՞նչ միջոցառումների շնորհիվ հնարավոր կլիներ աջակցել բիզնեսին այս իրավիճակում։ 


Կ. Մարգարյան. Ճգնաժամն արագ հաղթահարելու համար ձեռք են առնվում բոլոր հնարավոր միջոցառումները:

Եվ չնայած ամենին՝ վստահաբար մեր ոլորտում կլինեն գործարարներ, ովքեր ընդհանրապես կդադարեցնեն իրենց գործունեությունը՝ լրացուցիչ սոցիալական բեռ իրենց վրա չվերցնելու համար:

Կարծում եմ՝ պետությունն այս ռիսկերը պետք է հաշվի առնի ու դրանց մեղմման ուղղությամբ քայլեր կատարի, որոշակիորեն փոխհատուցի այդ ծախսերը: Գործունեությունը դադարեցրած բիզնեսը հետո դժվար է լինելու վերականգնել: Բիզնես սկսելը տարիների ջանք ու պատմություն է, իսկ քանդելը՝ օրերի հարց:

Ես վստահ եմ՝ այսօր յուրաքանչյուրիս բարօրությունը կախված է մեր համախմբվածությունից և ուրախ եմ հայտարարել, որ մեր գործընկերներից յուրաքանչյուրն իր հերթին փորձում է առավելագույնն անել հնարավոր իրավիճակում խնդիրների օպտիմալ լուծման համար: Մեր բոլոր վարձատուները զիջումների են գնացել՝ չեղարկելով վարձակալության վճարները: Գործընկեր բանկերը ևս փոխզիջման քայլ են արել՝ տրամադրելով «վարկային արձակուրդ», ուստի ռեստորատորներն այսօր կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի: Մի խոսքով, գրեթե բոլորը, ճիշտ գնահատելով խնդրի լրջությունը, փոխզիջումների են գնացել: Մենք միասին ենք ուժեղ, և համախմբվածությունն է խնդրի միակ լուծումը:

Ռուս ռեստորատորները իրավիճակը աղետային են բնորոշում: Համաձա՞յն եք այդ գնահատականին: Ինչպե՞ս Դուք կբնորոշեք մեր երկրում ստեղծված դրությունը: Կա՞ արդյոք վիրուսով պայմանավորված Ձեր ոլորտին հասցված վնասի մեծության նախահաշվարկ:

MBG Hospitality

Կ. Մարգարյան. Այո, ոլորտը ահռելի մեծ վնասներ է կրել. կխուսափեմ թվեր հրապարակելուց, բայց ցանկացած ճգնաժամ ունի տնտեսության զարգացման համար կազդուրիչ և որոշիչ նշանակություն,  յուրաքանչյուր ճգնաժամից հետո տեղի է ունենում վերելք, այդպիսին է զարգացման դիալեկտիկան: Այն ռեստորանները, որոնց բիզնես մոդելներն առավել պատրաստված կլինեն հաջորդ վերելքին, ցիկլին, կունենան անհրաժեշտ գործիքները, տեխնոլոգիաները, ներդրումներն ու դրամական միջոցները, կշահեն: Շատ կարևոր է այն, ինչ տեղի է ունենում ճգնաժամից հետո ու ես վստահ եմ, որ պատվախնդրորեն ենք հաղթահարելու էս փորձությունը:

Անշուշտ, նման իրադարձությունների ժամանակ համբերությունը, կարեկցանքը , համագործակցությունը և տրամաբանական և հանգիստ դատողությունները կարող են ավելի լավ լուծել խնդիրները:–0–