ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը` տնտեսության համար դիմացկունության փորձություն է
19.12.2014,
15:35
Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 4–ին վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը երկրի ադամակցության մասին պայմանագիրը, որը գործողության մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1–ից։ Տնտեսական ինչ ռիսկեր և առավելություններ կլինեն Հայաստանի համար այդ անդամակցությունից, ինչ փոփոխություններ են ակնկալվում երկրի ֆինանսական ոլորտում` «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում այս և այլ հարցերին պատասխանել է ՀՀ և ՌԴ տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենռ, Ռուս–Հայկական (Սլավոնական) համալսարանի անցումային ժամանակաշրջանի տնտեսական տեսության և խնդիրների ամբիոնի վարիչ Մարիամ Ոսկանյանը։
Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 4–ին վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը երկրի ադամակցության մասին պայմանագիրը, որը գործողության մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1–ից։ Տնտեսական ինչ ռիսկեր և առավելություններ կլինեն Հայաստանի համար այդ անդամակցությունից, ինչ փոփոխություններ են ակնկալվում երկրի ֆինանսական ոլորտում` «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում այս և այլ հարցերին պատասխանել է ՀՀ և ՌԴ տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենռ, Ռուս–Հայկական (Սլավոնական) համալսարանի անցումային ժամանակաշրջանի տնտեսական տեսության և խնդիրների ամբիոնի վարիչ Մարիամ Ոսկանյանը։
ԱՌԿԱ – Տիկին Ոսկանյան, ինչպե՞ս եք գնահատում ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը տնտեսական տեսանկյունից։
Մ.Ոսկանյան – Ընդհանուր առմամբ, տնտեսական տեսանկյունից ցանկացած միություն իր մեջ կրում է ինչպես դրական, այնպես էլ բացասական գործոններ։ Հայաստանի համար, իհարկե, դա տնտեսական դիմացկունության փորձություն է լինելու։ Որոշակի առումով, տնտեսապես մենք այդքան էլ պատրաստ չենք լիարժեք ինտեգրման։ Ինչպես գիտենք, Ռուսաստանն այժմ լուրջ ճգնաժամ է վերապրում, ռուբլու արժեզրկումը ցավոտ հարված է հասցրել նրա տնտեսությանը։ Անկասկած, ճգնաժամի պայմաններում ցանկացած ինտեգրում մեծ ռիսկեր է պարունակում։ Հայաստանի տեսանկյունից, եթե խոսենք դրական պահերի մասին, ապա գլխավոր գործոններից մեկը ռուսական զանազան ներդրումների ավելացումն է մեր տնտեսությունում։
Ակնհայտ է, որ ճգնաժամի ժամանակահատվածում Ռուսաստանից ներդրումային մեծ հոսքեր ակնկալելը բարդ է։ Միաժամանակ, Հայաստանն էլ լուրջ տնտեսական խնդիրների սահմանին է։ Վերջին հինգ տարիներին Հայաստանի տնտեսությունն աճի բարձր տեմպեր ցույց չի տալիս, աղքատության մակարդակն աճում է, նվազում է ընդհանուր բարեկեցությունը, ավելացել է պետական պարտքը, որն իր հերթին նույնպես ազդում է աճի տեմպերի դանդաղեցմանը։ Այսպիսով, ինտեգրումը, անշուշտ, ստեղծված իրավիճակում ռիսկային է երկու կողմերի համար էլ։
Փոփոխությունների ենթարկվող ոլորտների մասին դատելը բարդ է։ Կարելի է հստակ ասել, որ կփոխվի արտահանման և ներկրման կառուցվածքը, հատկապես` աշխարհագրական առումով։ Դա միաժամանակ և դրական կողմ է, և բացասական։ Բնականաբար, դա կազդի սպառման կառուցվածքի, սպառողական ապրանքի որակի վրա։ Առավելությունն ակնհայտ է նաև առևտրատնտեսական կապերի ուժեղացման տեսանկյունից։ Դա միշտ լավ է, միշտ կենդանացնում է տնտեսությունը, տնտեսական կառույցների գործունեությունը։
ԱՌԿԱ – Ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում Հայաստանի ֆինանսական ոլորտում, մասնավորապես, կարգավորիչի ձևավորման, վերահսկողության համակարգերի համապատասխանեցման և այլ հարցերի առումով։
Մ. Ոսկանյան – Առայժմ խոսքը միայն Մաքսային միության մասին է, բայց հետագայում, իհարկե, ինտեգրումը ֆինանսական ոլորտում հիանալի խթան կլիներ տնտեսական կապերի ամրապնդման համար։ Իմ կարծիքով, վերահսկող գործառույթների և նորմատիվների համապատասխանեցումը, ինչպես նաև ֆոնդային շուկայի ինտեգրումը, նախևառաջ, լավ լծակ կլիներ Հայաստանի տնտեսության հետագա զարգացման համար։
ԱՌԿԱ – Հնարավոր համարում եք, արդյո՞ք, ընդհանուր արժույթի ներդրումը ԵՏՄ տարածքում։ Կլինի՞ այդ նոր արժույթը անդամ երկրներից մեկինը։ Ի՞նչ է այդ դեպքում սպասում դրամին։
Մ.Ոսկանյան – Արժույթի ստեղծումը, իմ կարծիքով, կդառնա ինտեգրացիոն գործընթացների տրամաբանական շարունակություն։ Այլ խնդիր է, թե որքան զգուշորեն է դա պետք անել։ Կարծում եմ` առաջիկայում այդ մասին խոսք լինել չի կարող։ Եվրասիական միության ոչ մի տնտեսություն, ներառյալ Ռուսաստանը, տնտեսապես դրան պատրաստ չէ։ Հիշեցմեմ, որ Եվրամիությունը գնում էր դրան հիսուն տարի։
Ելնելով եվրագոտու փորձից` կարելի է ենթադրել, որ ֆիսկալային հատվածի նմանությունը կարող է եվրասիական տարածքում արժութային հաջողված ինտեգրման օգտին փաստարկներից մեկը լինել։ Եվ այդ տեսանկյունից ԵՏՄ–ն արժութային արդյունավետ գոտի ստեղծելու լավ հնարավորություններ ունի։
Գոյություն ունի երկու հիմնական այլընտրանք։ Առաջինը` հիմք կվերցնի ռուբլին, երկրորդը` կստեղծվի անդրազգային արժույթ, ասենք, մասնակից երկրների արժութային զամբյուղի հիման վրա։ Երկրորդ մոտեցումը, իհարկե, ավելի ցանկալի է, քանի որ թույլ կտա խուսափել մի տնտեսության գերակշռումից և, բացի այդ, թույլ կտա նվազեցնել ռիսկերը և պաշտպանել մյուս երկրները գերակշռող տնտեսության ներքին շոկերից։ Անդրազգային արժույթի օգտին ևս մեկ փաստարկն էլ նշված երկրների սպառողական զամբյուղի կառուցվածքի նմանությունն է, ինչը կթեթևացնի արժութային գոտու տարածքում գների ընդհանուր մակարդակի հաշվարկումը, ինչպես նաև թույլ կտա հետագայում ավելի արդյունավետ դրամավարկային քաղաքականություն վարել։
ԱՌԿԱ– Ինչպիսի՞ն է ռուսական ռուբլու արժեզրկումը Հայաստանի տնտեսության վրա` ընդհանուր առմամբ և մասնավորապես` ֆինանսական շուկայի։ Ինչպես կփոխվի այդ ազդեցությունը ԵՏՄ անդամակցելու պարագայում։
Մ. Ոսկանյան–Հայաստանի տնտեսությունը սերտ կապված է Ռուսաստանի հետ, օտարերկրյա ուղիղ ներդրումներ, տրանսֆերտներ, մեծ սփյուռք, ամբողջը չես էլ կարող թվարկել` այդ թվում նաև ֆինանասկան, իսկ ավելի կոնկրետ բանկային համակարգ։ ԵՏՄ անդամակցելուց հետո ազդեցությունը կուժեղանա։ Միաժամանակ, տնտեսության ներքին իրավաիճակն ավելի է նպաստում դրամի արժեզրկմանը, քան արտաքին գործոննները։ Դրա համար լուծումը Հայաստանի տնտեսության ներսում է և ոչ թե դրսում։ Ներկայում մենք ակտիվորոնե ուսումնասիրում ենք այդ հարցը։ Գրեթե ամենը, ինչ կատարվում է Ռուսաստանի տնտեսությունում արտացոլվում է մեր տնտեսության վրա, կամ սպառողական պահանջի տսանկյունից, կամ դրամական փոխանցումների։ Արձագանքում է նաև ֆինանսական, հատկապես բանկային համակարգը։ Սակայն, դարձյալ, ոչ այն պատճառով, որ մենք սերտ կապված ենք ռուսական տնտեսության հետ, թեպետ դա էլ դեր ունի, բայց խնդիրների մեծ մասը կապված է Հայաստանի տնտեսության անկարող համակարգի հետ։ Հատկապես, սա է պատճառը, որ արտաքին գործոնները մեծ ազդեցություն են ունենում մեր տնտեսության վրա։
ԱՌԿԱ.–Եվրոպական ներկրվող ապրանքները կփոխարինվե՞ն ռուսական ապարանքներով։ Ի՞նչ փոփոխություններ կլինեն առևտրային սալդոյում ԵՏՄ–ին անդամակցելուց հետո։
Մ. Ոսկանյան–Փոխարինում կլինի։ Այսօր ներկրման հիմնական մասն իրականացվում է ԵՄ–ից և այլ երկրներից։ Ռուսաստանն ու ԱՊՀ երկրները ներկրման մեկ երրորդ մասն են կազմում։ Ղազախստանն ու Բելառուսն այս պահին լուրջ դիրքեր ունեն։ Միությանն անդամագրվելուց հետո առևտրային հաշվեկշռի կառուցվածքը պետք է փոխվի, ինչը Մաքսային միության նպատակներից մեկն է` ուժեղացնել առևտրատնտեսական հարաբերությունները։ Դա որոշ չափով կնշանակի, որ որոշակի ապրանքների գները կբարձրանան։ Ընդ որում, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, որոշ ապրանքների գների բարձրացմանը կհաջորդի այլ ապրանքների գների բարձրացումը։ Այնպես որ ներկրվող ապրանքների փոխարինումը ռուսականով որոշակի գնաճային ճնշման կհանգեցնի։ Թե ինչպիսին այն կլինի, կախված է Հայաստանի Կենտրոնական բանկից և, իհարկե, սակագների շուրջ պայմանավորվածություններից։ Բնակչության բացասական սպասումները նույնպես կարող են ազդել։
ԱՌԿԱ–ԵՏՄ–ին միանալուց հետո ո՞ր հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները կարող են փոխվել (ՀՆԱ, գնաճ, պարտք, ներդրումներ, փոխանցումներ)։
Մ. Ոսկանյան. 2013 թվականին Հայաստանի տնտեսական աճը 3,5% է կազմել։ Մեր տնտեսության համար դա նույն է, ինչ տեղում կանգնած մնալը։ Չեմ կարծում, որ մենք կարող ենք առաջիկա տարիների համար ավելացում ակնկալել։ Ռուսաստանի ճգնաժամը կհանգեցնի փոխանցումների նվազման` հաշվի առնելով, որ փոխանցումների հիմնական մասն իրականացվում է այնտեղից։ Ընդհանուր առմամբ, այն ավելի կպակասեցնի բնակչության բարեկեցությունը։ Պետք է արմատական փոփոխություններ կատարել մակրոտնտեսական քաղաքականության մեջ, և դա պետք է անել շատ արագ։ Ճգնաժամեր եղել են, կան և կլինեն։ Խնդիրն այն է, որ պետք է ամուր տնտեսություն ունենալ արտաքին և ներքին ցնցումներին դիմակայելու համար։
ԱՌԿԱ. Դրամի անկումն ի՞նչ հետևանքներ կունենա հայկական տնտեսության վրա, և ի՞նչ դինամիկա եք դուք տեսնում հետագայում։
Մ. Ոսկանյան. Նախևառաջ, կտուժեն ներկրողները։ Փոխանցումներից կախում ունեցող հատվածը մի փոքր կավելացնի իր եկամուտները։ Սակայն գնաճային ճնշումն այդ ազդեցությունը շատ արագ կզրոյացնի։ Կարծում եմ` դրամը դեռ կարժեզրկվի։ Համենայնդեպս` առաջիկայում։ -0-