Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

ARTEZIANICA Armenia–ի հիմնադիր. ռիսկի և անորոշության պայմաններում իրենց հարմարավետ զգացող ձեռներեցների համար այս իրավիճակը դրայվ է ու մարտահրավեր

21.05.2020, 10:58
ARTEZIANICAArmenia դելիկատեսային ձկնամթերքի արտադրության և արտահանման միջազգային ընկերության համահիմնադիր Օլգա Պարախինայի հարցազրույցն` «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալություններին #SaveBusiness հատուկ նախագծի շրջանակում։
ARTEZIANICA Armenia–ի հիմնադիր. ռիսկի  և անորոշության պայմաններում իրենց հարմարավետ զգացող ձեռներեցների համար այս իրավիճակը դրայվ է ու մարտահրավեր

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./ԱՌԿԱ/. ARTEZIANICAArmenia դելիկատեսային ձկնամթերքի արտադրության և արտահանման միջազգային ընկերության համահիմնադիր Օլգա Պարախինայի հարցազրույցն` «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալություններին #SaveBusiness հատուկ նախագծի շրջանակում։

Ինչպե՞ս է փոխվել ձեր ընկերության գործունեությունը կորոնավիրուսի բռնկումից հետո։

Օ. Պարախինա. 2012թ.–ին` ընկերության ստեղծումից ի վեր, մենք կառուցում ենք ARTEZIANICA Armenia–ն` հիմնվելով lean հայեցակարգի վրա, այդ իսկ պատճառով ճգնաժամին լավ պատրաստված ենք` առանց ուռճացված հաստիքի և այլ ծախսերի, առավելագույնս առցանց հարթակ տեղափոխված կառավարման գործընթացներով, առանց վարկային պարտավորությունների` առավելագույնս արդյունավետ պորտֆելով և հաճախորդների կառուցվածքով։

Այդ պատճառով մեր ոլորտի վրա բացասաբար ազդող COVID–գործոններից ոչ մեկը (ավիահաղորդակցության սահմանափակումներ, արժութային շուկայում ստեղծված իրավիճակ և HoReCa–ի փակում) չդարձավ ճգնաժամային մեզ համար։ Մենք օպերատիվորեն փոխեցինք արտադրանքի առաքման միջոցը, պահեստավորեցինք բնական եվրոպական ձկան կերերի բավարար պաշար, իսկ HoReCa–ի պատվերների պորտֆելը չէր կազմում ընդհանուրի զգալի մաս։

Հնարավոր է դատապարտելի բան ասեմ, բայց, իմ կարծիքով, այն ձեռներեցների և կառավարիչների համար, որոնք իրենց հիմնականում հարմարավետ են զգում ռիսկի և անորոշության պայմաններում, այս իրավիճակն իսկական դրայվ է, մարտահրավեր, ժամանակ, երբ իսկապես սկսում ես զգալ, որ ապրում ես, գործում և ստեղծագործում։

Իմ կարծիքով, դա ավելի լավ է անել «մերոնց» հետ։ Հենց այդ պատճառով Հայաստանում կարանտին հայտարարելու օրը որոշեցի գործել ավելի ակտիվ և համախմբել ուժերս։

Այնպես ստացվեց, որ 2019թ.–ի սեպտեմբերից, համագործակցելով լավագույն տեխնոլոգիների և Մոսկվայի շեֆ խոհարարների հետ, մենք աշխատում էինք CHIEF by ARTEZIANICA նոր արտադրանքի ստեղծման վրա, որն իրենից ներկայացնում էր մեր նոր որսացած ձկից բնական կիսաֆաբրիկատներ` պատրաստած հատուկ բաղադրատոմսով, որի արդյունքում պահպանվում են բոլոր սննդարար նյութերը շոկային սառեցման տեխնոլոգիայի շնորհիվ։ Աշխատանքն ընթանում էր ֆակուլտատիվ, առանց հստակ վերջնաժամկետի։ Նախատեսում էինք իրացումը սկսել սովորական սխեմայով` Ռուսաստանի առևտրային ցանցերի միջոցով։

Բայց մարտի 16–ին, Հայաստանում արտակարգ դրության հայտարարումից անմիջապես հետո, ես հանդիպեցի «GourooClub&Garden» հեղինակային առողջ խոհանոցի ռեստորանի սեփականատեր Նատալիա Անտոնյանի հետ, որի հետ աշխատել ենք «Տրոյկա Դիալոգ» ընկերությունում մեր կարիայի ամենասկզբում և արդյունավետ համագործակցել ենք Երևանում նրա նախագծի մեկնարկից հետո։

Քննարկելով իրավիճակն` անհապաղ գործի անցանք։ Ես, Նատալիան, խոհարարները, մեր երեխաները, որոնց չգիտեինք` ում հետ թողնել, փաստորեն մի քանի օր շարունակ բնակվում էինք արտադրամասում։ Եվ ընդամենը 5 օրում արեցինք այն, ինչ հիմա թվում է անհնար` ամբողջությամբ գործարկեցինք նոր արտադրություն, մշակեցինք փաթեթավորում, գործարկեցինք մատակարարման շղթա, ներդրեցինք տեխնոլոգիական քարտեր, սովորեցրեցինք աշխատակիցներին։

Արդեն մարտի 20–ից երևանցիները հնարավորություն ստացան Facebook–ի @artezianica էջից պատվիրել 7 տեսակի լավագույն և օգտակար ձկան կիսաֆաբրիկատներ։ Այս հաջող փորձից հետո Նատալիան փոխեց իր ռեստորանի աշխատանքը և, համախմբելով առանց շաքարավազի և սպիտակ ալյուրի ճաշատեսակների ստեղծման փորձը, ստեղծեց «Gouroohomeedition» օգտակար կիսաֆաբրիկատների տեսականի։

Եզրափակելով` կարող եմ նշել, որ կարանտինի սկզբից մենք սկսեցինք աշխատել ավելի ինտենսիվ և արդյունավետ` ավելի մեծ նվիրումով և Հայաստանի ձեռնարկատիրական էկոհամակարգը պահպանելու ավելի մեծ ցանկությամբ։

Որքանո՞վ է պահանջված առաքման ծառայությունը: Ի՞նչ են հիմնականում պատվիրում։

O. Պարախինա.  պարզվեց, որ CHIEF շարքի մեկնարկն իսկապես ժամանակին էր, իրացումը լավ տեմպերով է ընթանում, քանի որ շատ մարդկանց հիմա հոգեբանորեն ավելի հարմար է ստանալ փաթեթավորված կիսաֆաբրիկատներ կամ հում մթերք և ինքնուրույն ենթարկել ջերմային մշակման:

Ռեսուրսների օպտիմալացման համար մենք որոշեցինք չկրկնօրինակել գործառույթները, և իրականացնում ենք մեր առաքումը «Gouroo» ռեստորանի հետ համատեղ:

Հիմա մեր ամենավաճառվող մթերքներն են.

- Goldfish ջեռոցում տապակելու համար օգտակար նագեթսները՝ իշխանի ամբողջական փափկամիս՝ հատուկ թաթախման մեջ

- Պոլպետտե Fishbowls` կտրտած իշխանի մսից պատրաստված փոքրիկ գնդիկներ, որոնք մենք հատուկ պատրաստել ենք մանկական մենյուի համար՝ թարմ դդմիկի ավելացմամբ

-  Եվ մեր հիթը՝ Rainbow` գունավոր փոքր ձեռագործ պելմեններ՝ ամենաբարակ խմորով և իշխանի կտրատած փափկամսով: Ես կարող եմ անվերջ նայել մեր հաճախորդների տեսանյութերը, որտեղ երեխաներն արագորեն ուտում են դրանք և կրկին ուզում:

Ольга Парахина Артезианика Artezianica (1).jpg

Մեր բոլոր մթերքները, բացի օգտակար լինելուց, առողջության ամրապնդումից, սննդային անվտանգությունից, լուծում են ևս մեկ հարց. ինչպես անել, որ ձուկ հաճույքով ուտեն նրանք, ովքեր նախկինում մտածում էին, թե չեն սիրում:

Իսկ մեր սիրելի և չքնաղ կանայք, CHIEF արտադրանքի շնորհիվ, հնարավորություն են ստանում ժամանակ անցկացնել հարազատների հետ, ապրել` կենտրոնանալով իրենց համար հետաքրքիր և կարևոր գործերի վրա՝ ամեն օր չմտածելով, թե ինչ կարելի է պատրաստել ընտանիքի համար, որ լինի համեր, օգտակար և միաժամանակ բնական:

Ընկերությունում գործարկվե՞լ են հակակորոնավիրուսային ակցիաներ։

Օ. Պարախինա. մեզ մոտ արդեն 8 տարի է, ինչ սննդի արտադրությունը գործում է մաքսիմալ խիստ սանիտարական պահանջներով: Բացի սեփական պատասխանատվությունից, մեզ 6 ամիսը մեկ անգամ ստուգում են առևտրային ցանցերի սննդի անվտանգության գծով միջազգային փորձագետները։ Եվ այդ կապակցությամբ արտադրության և անձնակազմի նկատմամբ հիգիենայի պահանջները չեն փոխվել:

Խոստովանում եմ, որ հոգուս խորքում ուրախ եմ, որ ստեղծված իրավիճակը ստիպեց հասարակությանն առանձնահատուկ խորությամբ հասկանալ հիգիենայի կարևորությունը, պարզել դրա պահպանման դետալներն ու կանոնները: Հուսով եմ, որ դրանք կպահպանվեն բոլոր մարդկանց և ձեռնարկությունների կյանքում:

Արդյոք ակնկալո՞ւմ եք օգնություն պետությունից: Ի՞նչ միջոցառումներ կարող են ձեռնարկվել այս իրավիճակում բիզնեսին աջակցելու համար:

Օ. Պարախինա. տնտեսությունը ցիկլային է, այդ պատճառով այս ճգնաժամը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը: Մենք ցանկացած ժամանակահատվածում աշխատում ենք`հույսը դնելով բացառապես սեփական մտավոր, արտադրական և ֆինանսական ռեսուրսների վրա: Մենք չենք ունեցել և չունենք վարկեր և այլ չկատարված պարտավորություններ:

Որպես օրինակ անցյալից, կարող եմ պատմել 2015-2016թթ.-ի արժութային ճգնաժամը հաղթահարելու մեր փորձի մասին: Հայաստանում այն ժամանակ ավելի քան 70 ձկնաբուծական տնտեսություններ ստիպված եղան փակվել: Ֆորմալ կերպով մենք էլ կարող էինք հեշտությամբ նույնն անել՝ պարտավորությունների չկատարումը վերագրելով ճգնաժամին: Բայց մենք այլ մոտեցում ունենք. ARTEZIANICA Armenia-ի բաժնետերերը նախընտրեցին ընկերությունը կապիտալիզացնել սեփական միջոցներով և ժամանակին վճարել աշխատավարձն ու հարկերը, այդ թվում` մի քանի տարի փաստացիորեն վարկավորելով ՀՀ բյուջեն մի քանի հարյուր հազար դոլարով՝ անվերադարձ վճարված ԱԱՀ–ի տեսքով:

Ունենալով ոլորտի և երկրի համար պատասխանատվություն` մենք չհրաժարվեցինք աշխատել փոքր ձկնաբուծարանների հետ: Շարունակեցինք նրանց մատակարարել եվրոպական արտադրության բարձրորակ կերեր, ձեռք բերել և աճեցնել նրանց կողմից արտադրված ձկնային արտադրությունը` 100%-ով վճարելով արտադրված ապրանքը:

Այս ճգնաժամի ժամանակ ոչինչ չի փոխվել, մենք չենք պատրաստվում օգնության դիմել։

Սակայն կան շատ այլ ընկերություններ, որոնք կառավարության օգնության կարիքն ունեն։ Եվ, խոսելով աջակցության անհրաժեշտ միջոցներից, իմ կարծիքով, դա առաջին հերթին ներքին պրոդուկտի և ներքին արտադրանքի զարգացումն է, վճարումների, հարկային պահանջների սառեցումը, վարկային արձակուրդի տրամադրումը։

Վստահ եմ, որ պետական առաջնահերթություններից պետք է լինի պահպանել ու աջակցել ձեռնարկատերերին՝ այն մարդկանց, ովքեր չնայած ամեն ինչին, շարունակում են ստեղծել ավելացված արժեքով արտադրանք։

Բիզնեսն ու պաշտոնյաները հիմա պետք է առավելագույնս համախմբվեն, մեկ ուղղությամբ ուղղեն ջանքերը և ապահովեն մարդկանց աշխատելու և վաստակելու հնարավորությամբ։

Ольга Парахина Артезианика Artezianica (2).jpg

Ինչպե՞ս կբնութագրեք ձեր ոլորտի վիճակը Հայաստանում։ Կա արդյո՞ք կորոնավիրուսի հասցրած վնասի նախնական հաշվարկ։

Օ. Պարախինա. կարծում եմ` ոլորտի վնասը մենք կարող ենք գնահատել համավարակի ավարտից հետո կես տարուց ոչ շուտ։ Բայց, ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, հիմա ավելորդ «ճարպից» մաքրվելու  և առողջանալու ժամանակն է։

Մեր ընկերությունում մենք չենք ապրում մի պարադիգմայում, որ ճգնաժամը կավարտվի։ Եվ ես շեշտը դրա վրա չէի դնի, թե իբր համավարակը կավարտվի, մենք ամեն ինչ կհաշվենք և կսկսենք ապրել նախկինի պես։

Իմ կարծիքով, վարակը միայն ուժեղացրեց արդեն գոյություն ունեցող միտումները` սպառման գիտակցումը, չափազանց ճոխությունից հրաժարվելը, շեյրինգը, թվայնացումը, AI–ն և ճգնաժամային «սթափեցումը», այն կստեղծի նոր գիտակցություն՝ շեշտադրում կատարելով հիմնավորի, ճեղքումնայինի, տեխնոլոգիականի վրա։

Այս համատեքստում սննդային արդյունաբերությունը բացառություն չէ։ Հիմա HoReCa-ի մեր շատ գործընկերների մոտ սթրես է։ Բայց չէ՞ որ մարդիկ չեն դադարի ցանկանալ համեղ ուտելիք։ Ուղղակի կփոխվի առաքման, պատրաստման համակարգը, կփոխվեն սպառման առաջնահերթությունները։

Այդ պատճառով, օրինակ՝ ես շատ եմ հավատում մեր նոր` CHIEF by ARTEZIANICA արտադրանքին։ Ռեստորանային որակի օգտակար, համեղ, անվտանգ, հագեցնող, երկար պահպանվող և ցանկացած պահի պատրաստվող ուտեստ ձեռքի տակ ունենալն այժմ ուղղակի երազանք չէ, այլ մեր նոր իրականության մի մասը։

Յուրաքանչյուր անկմանը հետևում է բարձունք։ Ընդ որում, քանի որ հիմա բնական նվազող միտմանն ավելացել է համավարակը, շատ հավանական է, որ աճի հաջորդ շրջանը լինի արտասովոր հզոր ու երկարատև։

Այդ պատճառով, պետք է գործել, փնտրել նոր նշաձողեր, ավարտին հասցնել այն, ինչի համար ժամանակ չկար նախակորոնավիրուսային ակտիվության անվերջ ռիթմում (իսկ հաճախ, դա հենց մարկետինգի, վաճառքների, առցանց տեխնոլոգիաների ներդրման ենթակառուցվածքն է)։

Այժմ մենք բոլորս գիտենք, թե իրականում ինչպիսին կարող է լինել որոշումների ընդունման արագությունը, գիտենք, որ կարելի է աշխատել առանց անվերջ խորհրդակցությունների և սուրճի հանդիպումների։ Կարողանում ենք արագ գործարկել նոր արտադրանք և փակել անհեռանկարային ուղղությունները, հստակ հասկացանք, թե աշխատակիցներից ով է աշխատում, իսկ ով՝ պարզապես ձևացնում, թե աշխատում է։

Վերադառնալով մեր զրույցի սկզբին՝ ընդգծեմ, որ, իմ կարծիքով, հիմա առավել քան կարևոր է բռնվել Թիմից և ինքնին աշխատանքի հնարավորությունից։ Ե՛վ ձեռնարկատերերի, և՛ աշխատակիցների համար հիմա լավագույնն է պահպանել ընկերությունը, գործարար կապերը, հաճախորդներին և գործընկերներին։ Այդ դեպքում, 2020-ի գարունը դուք և ձեր Թիմը կհիշեք որպես փորձությունների և այն հաղթանակների ժամանակաշրջան, որոնցով հպարտանում եք։-0-