KARA SILVER–ի համահիմնադիր. պետությունը պետք է միջամտի, որպեսզի դադարեցնի ամենաստեղծարար դասի` ՓՄՁ ոլորտի սնանկության գործընթացը
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./ԱՌԿԱ/. «Kara Silver» սրահի համահիմնադիր և տնօրեն Գայանե Ավետիսյանի հարցազրույցը` «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալություններին #SaveBusiness հատուկ նախագծի շրջանակում։
Ինչպե՞ս է փոխվել ձեր գործունեությունը կորոնավիրուսի բռնկումից հետո։
Գ. Ավետիսյան. KARA SILVER սրահը փակ է, քանի որ մենք ներառված չենք այն ձեռնարկությունների ցանկում, որոնց գործունեությունը թույլատրված է։ Փակ է նաև զարդերի պատրաստման արհեստանոցը։ Սակայն մենք շարունակում ենք ընտրողաբար աշխատել` առցանց վաճառքի ռեժիմում, ինչը թույլ է տալիս գոնե ինչ–որ ձևով գոյատևել մինչև տնտեսության բոլոր ոլորտների լիարժեք գործունեության վերսկսումը։ Չէ՞ որ զարդերն առաջին անհրաժեշտության արտադրանք չեն, և որպես շքեղության մի մաս կարող են անորոշ ժամանակով դուրս մնալ սպառողական ցանկից։
Դուք ունե՞ք առաքման ծառայություն, ի՞նչ են հիմնականում պատվիրում։
Գ.Ավետիսյան. համավարակի այս ծանր օրերին վաճառքի համար պատասխանատու հատվածը շարունակում է աշխատել ամբողջ ծավալով, սակայն արդեն տանից ընդունում են առցանց պատվերներ։
KARA SILVER SALON Facebook–յան էջը հիմա առցանց խանութ է դարձել։ Այստեղ կարելի է ծանոթանալ զարդերի տեսականուն, կապվել էջի ադմինիստրատորի հետ, ով ժամանակին կկազմակերպի առաքումը նշված հասցեով։ Նախկինում, մինչև համաճարակը, մենք բավականին հազվադեպ էինք կատարում առաքում։ Սակայն իրավիճակը թելադրում է իր պայմանները, ինչի կապակցությամբ ստիպված եղանք շուտափույթ կերպով փոխել աշխատանքի սովորական մեթոդները։ Արդեն պատրաստվում է մեր նոր կայքն` առցանց խանութով, հինն արդեն հնացել է։
Մշակել ենք էլեկտրոնային նվեր քարտ, որը կարելի է ձեռք բերել առցանց և նվիրել` դուրս չգալով տնից։ Մեր հաճախորդները հիմնական կանայք են, որոնք նվերներ են պատվիրում իրենց և միմյանց համար։
Իսկ ի՞նչ «հակակորոնավիրուսային» ակցիաներ եք գործարկել:
Գ. Ավետիսյան. սոցցանցերում գործարկել ենք «ԿԱՌԱՆտին» ակցիան և իրականացնում ենք զարդերի առցանց վաճառք ինքնարժեքով և անվճար առաքումով, որոնց մասին մեր բազմաթիվ երկրպագուներ վաղուց երազել են, սակայն այդպես էլ չեն կարողացել գնել։ Ակցիան, քաղաքի տարբեր հատվածներում իրականացվող առաքմամբ, իհարկե, չի կարող ծածկել մեր կրած բոլոր վնասները։
Սակայն կարծում ենք, որ կարանտինային դժվար օրերին մեր կանայք իրավունք ունեն իրենց ուրախացնել` չվհատվելու և հույսը չկորցնելու համար, իսկ մենք ստանում ենք բարոյական դիվիդենտներ, որոնք ապագայում կարող են բերել բավականին շոշափելի եկամուտ, ինչպես նաև վերադարձնել կատարված ներդրումները։ Մի խոսքով, մենք մեր լավատեսությունը փոխանցում ենք մեր գնորդներին։ Ակցիան գործում է միայն Երևանի տարածքում, իսկ փոստի աշխատանքի մեկնարկի ժամանակ` նաև մարզերում։ Ակցիան իրականացվում է հիգիենիկ բոլոր նորմերին համապատասխան`հետևելով պարետի խորհուրդներին։
Կարծում եմ, որ ճգնաժամը հաղթահարելու համար մեր ձեռներեցները, որպես բարի կամքի դրսևորում, պետք է գները ժամանակավորապես դարձնեն ավելի գրավիչ` լոյալ գնորդին պահպանելու համար։
Հույս ունե՞ք, որ պետությունը կօգնի։ Ձեր կարծիքով, կոնկրետ ի՞նչ միջոցառումներ կկարողանային աջակցել բիզնեսին նման իրավիճակում։
Գ. Ավետիսյան. այնպես է ստացվել, որ մեր բիզնեսի գոյության ընթացքում, իսկ մենք արդեն 11 տարի շուկայում ենք, երբեք հույս չենք դրել որևէ մեկի, այդ թվում` պետության վրա, միշտ ինքներս ենք հարթել մեր և մեզ հետևողների ճանապարհը։
Կարծում եմ, որ խաղաղ ժամանակներում պետության գործառույթը ոչ թե օգնությունն է, այլ չմիջամտելն է բիզնեսի գործերին, ինչի շնորհիվ էլ երկրում ձևավորվում է միջին խավը։
Սակայն այս իրավիճակում պետությունը պարզապես պետք է միջամտի, որպեսզի դադարեցնի իր ամենահամարձակ և ստեղծարար դասի`փոքր և միջին ձեռնարկատիրության սնանկացման գործընթացը։ Հարկային արձակուրդները մեծ օժանդակություն կիներ հայրենական բիզնեսին, կտային մի փորք շունչ քաշելու և վերականգնվելու հնարավորություն բոլոր նրանց, ովքեր շատ են տուժել անհաղթահարելի ուժի հանգամանքներից։
Ինչպե՞ս կգնահատեիք Հայաստանի ձեռնարկատիրական ոլորտում ստեղծված իրավիճակը։ Կատարե՞լ եք կորոնավիրուսի հետևանքով ոլորտին հասցված վնասի նախնական հաշվարկ:
Գ. Ավետիսյան. ինչպես արդեն նշեցի, ամենաշատը կտուժի փոքր բիզնեսը, ծառայությունների, տուրիզմի ոլորտը, HORECA–ն, ոչ առաջնային անհրաժեշտության միջոցների արտադրությունը, այդ թվում` մեր գործունեությունը։ Սակայն մենք չենք պատրաստվում հանձնվել, այլ հակառակը`շարունակում ենք փնտրել նոր ուղիներ սեփական ուժերով ֆորս–մաժորային հանգամանքները հաղթահարելու և բիզնեսը հետագայում զարգացնելու համար։–0–