Հայերը շատ խելացի են. մոտ ապագայում նրանք կհասկանան, թե որտեղ է իրենց երջանկությունը. Լուկաշենկո
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կողմ է Հայաստանի հետ լավ հարաբերությունները պահպանելուն։ Այս մասին նա հայտարարել է Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հաղորդում է Белта-ն։
«Վատ չէր լինի, որ մենք, ինչպես նախկինում, լավ հարաբերություններ ունենայինք Հայաստանի հետ՝ չնայած բոլոր թերություններին և նրբություններին։ Հավատացեք՝ մեր մեղքը սրանում ընդհանրապես չկա։ Մենք հնարավորինս փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք՝ ինչպես ամենամոտ մարդկանց հետ, ամեն կերպ օգնել ենք։ Բայց, տեսեք, ցանկացան Արևմուտք, ԵՄ»,-նշել է նա։
«Ի՞նչ Արևմուտք։ Մենք դեմ չենք Արևմուտքի, ամերիկացիների հետ համագործակցությանը, բայց դուք տեսնում եք նրանց քաղաքականությունը: Վաղը Ամերիկայում իշխանության կգա նոր ղեկավար, թեկուզ հին ու նորերը (Քամալա Հարիս և այլն) և դուք կտեսնեք, որ քաղաքականությունը բոլորովին այլ է լինելու։
Նրանց սովորությունը հետևյալն է՝ «Դուք ով եք, մենք ձեզ չենք ճանաչում։ Ինչպես չգիտեք, մենք ձեզ հետ ընկերներ ենք եղել, դուք մեզ զենք եք մատակարարել... Ոչ, դա մենք չէինք»,- այսպիսի դիալոգ է մեջբերել Բելառուսի ղեկավարը՝ իր պատկերացմամբ ամերիկյան հաղորդակցման տրամաբանությունից։
Լուկաշենկոն հորդորել է, ամեն դեպքում, չկորցնել այն, ինչ արդեն կա ավանդական գործընկերների հետ համագործակցության մեջ։
«Ամեն ինչ կարող է պատահել, բայց մի կորցրեք այն, ինչ ունեք։ Մի կորցրեք այս բարեկամությունը, այս եղբայրությունը։ Սա միասնական շուկա է տնտեսության մեջ, փոխադարձ օգնություն է։ Մի կորցրեք դա, որովհետև դա կորցնելով՝ կարող եք ոչինչ չշահել այնտեղ», – ասել է Բելառուսի նախագահը։
«Ի՞նչ եք կարծում, ի՞նչ որ տեղ Հայաստանին սպասում են։ Ոչ մեզ, ոչ Հայաստանին, ոչ Ուկրաինային, ոչ ոք ոչ մի տեղ չի սպասում։ Ամեն մեկն իր հարցերով է զբաղված։ Եվ նրանք ուզում են իրենց խնդիրները լուծել մյուսների հաշվին»,- նշել է նախագահը:
«Հայերը շատ խելացի են։ Մոտ ապագայում նրանք կհասկանան, թե որտեղ է իրենց երջանկությունը»,- վստահ է Բելառուսի ղեկավարը։
Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է Բելառուսում բացառիկ լավ վերաբերմունքը հայկական սփյուռքի ներկայացուցիչների նկատմամբ։
«Դուք ինձ համար այլևս հայ չեք, դուք ինձ համար բելառուս եք, մեր քաղաքացիները», - ընդգծել է նա։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:51 12.09.2024