ԱԳՆ–ն հերքել է Սիրիայից զորախումբը հանելու հարցում ԱՄՆ–ի ճնշման մասին տեղեկությունները
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է մամուլում շրջանառվող տեղեկությունը, ըստ որի՝ ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից։
«Մենք արդեն բազմիցս հերքել ենք այդ տեղեկատվությունը: Ներկայումս փորձ է արվում պետական կառույցի կողմից արդեն իսկ հերքված տեղեկատվությունը վերստին շրջանառել նոր մտացածին մանրամասներով, որոնք նույնպես չեն համապատասխանում իրականությանը՝ այդպիսով ձևավորելով մի քանի շերտից բաղկացած կեղծ լուր: Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը և վերջինիս տրամադրվող աջակցությանն առնչվող հարցերի անհիմն շահարկումը նեղ անձնական շահերից ելնելով համարում ենք անընդունելի։ Թեմայից դուրս, պարզապես հավելեմ, որ անվտանգության ոլորտում աշխատող գերատեսչությունները և դրանց ղեկավարները մշտական խորհրդակցության մեջ են տարբեր հարցերի շուրջ, ինչի մասին բազմիցս նշվել է նաև այդ գերատեսչությունների ղեկավարների կողմից», – Նաղդալյանի խոսքերը մեջբերում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:–0–