Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ԱՄՆ–ն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ

22.06.2021, 14:40
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ
ԱՄՆ–ն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./ԱՌԿԱ/. ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարություն է տարածել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ 

Հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ Պետքարտուղարության կայքում։

«Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Մենք ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրական դիտողական առաքելության ընդհանուր դրական գնահատականը։ Ուրախալի է, որ ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացություններով ընդհանուր առմամբ ապահովվել է հարգանք ընտրողների մարդու իրավունքների ու հիմնարար իրավունքների նկատմամբ, մրցապայքարի դուրս եկած ուժերը կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել , և ԺՀՄԻԳ-ը դրական է գնահատել քվեարկության օրվա քվեների հաշվարկը։ Մենք կիսում ենք ԺՀՄԻԳ-ի մտահոգությունները մրցապայքարի հիմնական ուժերի շրջանում տիրող սուր բևեռացվածության և բորբոքիչ հռետորաբանության վերաբերյալ», – նշվում է հայտարարության մեջ։ 

Նեդ Փրայսը նշել է, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին հորդորում են հաստատվելուն պես հարգել այս ընտրությունների արդյունքները, մտահոգության տեղիք տվող հարցերի կարգավորման համար կիրառել ընտրաբողոքների համար սահմանված իրավական գործընթացը և խուսափել քաղաքական հաշվեհարդարներից, որպեսզի Հայաստանը շարունակի հետամուտ լինել իր ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ ու բարեկեցիկ ապագային։ 

Հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ամրապնդել ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված իր գործընկերությունը Հայաստանի հետ։ 

«Մենք գովեստով ենք արձանագրում առաջընթացը, որ Հայաստանն ունեցել է բարեփոխումների ու կոռուպցիայի դեմ պայքարի իր ջանքերում և խրախուսում ենք Հայաստանին շարունակել ընթացքն այդ ճանապարհով՝ հայ ժողովրդի 2018թ․ գարնանն արտահայտած հավակնություններին համահունչ։ Բոլոր կողմերին հորդորում ենք հարգել իրավունքի գերակայությունը և ժողովրդավարական սկզբունքները և սպասում ենք Հայաստանի նոր կառավարության հետ մեր աշխատանքին՝ միտված երկկողմ հարաբերությունների ու համագործակցության մեծացմանը։ Գովեստով ենք արձանագրում դեսպան Լին Թրեյսիի և Հայաստանում ԱՄՆ դեսպանության անձնակազմի ամուր ու շարունակական աջակցությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։ Նրանց նվիրվածության ու եռանդագին աշխատանքի միջոցով մենք կշարունակենք խորացնել հայ-ամերիկյան գործընկերությունը», – նշվում է Նեդ Փրայսի հայտարարության մեջ։–0–