ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդը բանաևձև է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես՝ կոչ անելով հասնել ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռացմանը
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Թուլսի Գաբարդը կոչ է արել ամերիկյան իշխանություններին հասնել ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռացմանը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Նշվում է, որ Գաբարդի կողմից ներկայացված կոշտ բանաձևը դատապարտում է թուրքական հարձակումը ԱՄՆ զինված ուժերի վրա և մատնանշում Անկարայի կողմից ահաբեկիչներին շարունակական աջակցությունը:
Ըստ ANCA-ի հաղորդագրության, H.Res.1195 բանաձևի որոշ կետերում ասվում է հայերի դեմ Թուրքիայի ագրեսիայի մասին, այդ թվում, նշվում է, որ․
- Թուրքիան ուժեղացրել է իր մասնակցությունը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության մեջ՝ նախկինում առաջարկելով քաղաքական աջակցություն Ադրբեջանի դիրքորոշմանը, իսկ այժմ ապահովելով անմիջական ռազմական աջակցություն.
Թուրքիան փակ է պահում Միացյալ Նահանգների հետ բարեկամական հարաբերություններ ունեցող մի երկրի՝ Հայաստանի Հանրապետության հետ իր սահմանը և բազմիցս սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և աշխարհի այլ մասերի հայ համայնքների դեմ՝ երբեմն թաքցնելով իր սպառնալիքները՝ հղում կատարելով 20-րդ դարի սկզբին Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը:
- տեղեկություններ կան, որ Թուրքիան սիրիացի զինյալներ է ուղարկել կռվելու Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, որոնցից շատերը կապված են Ալ-Քաիդայի և ԻԳԻԼ-ի հետ,
- տեղեկություններ կան, որ Թուրքիան մասնակցել է կամ ամբողջությամբ վերահսկել է Ադրբեջանի օդային հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ, նրա F-16 կործանիչները մասնակցել են ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի վրա հարձակումներին.
- ՆԱՏՕ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, և Թուրքիան հակասում է ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը` հրապարակավ աջակցելով և նպաստելով Ադրբեջանի շարունակական ռազմական ագրեսիային:
- ի պատասխան Կանադայի որոշմանը` դադարեցնել զենքի արտահանումը Թուրքիա` կապված Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակմանը իր մասնակցության հետ, Թուրքիան հիասթափություն հայտնեց Կանադայի որոշման կապակցությամբ` դրանով իսկ ՆԱՏՕ-ն կապելով Կովկասում իրականացվող գործողությունների հետ:-0-