Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներ այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցության առնչությամբ ՀՀ ԱԳՆ են հրավիրվել համապատասխան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հուլիսի 9-10-ը Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցության առնչությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել համապատասխան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների մոտ հարյուր ներկայացուցիչներ երկօրյա այցով մեկնել են Լեռնային Ղարաբաղի տարածք, որն անցել է Բաքվի վերահսկողության տակ 44-օրյա պատերազմի հետևանքով։ Այցին մասնակցել են, մասնավորապես, Թուրքիայի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Իսրայելի, Չինաստանի, Ճապոնիայի, Բելառուսի, Ուկրաինայի դեսպանները, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները։ Դիվանագետներն այցելել են Ֆիզուլի, որտեղ ծանոթացել են միջազգային օդանավակայանի շինարարության հետ և Շուշի։
ՀՀ ԱԳՆ-ից նշվում է, որ դեսպաններին է փոխանցվել նրանց երկրների կառավարություններին ուղղված հայտագրեր, որտեղ, մասնավորապես, նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը բացարձակապես անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այցելությունն Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Հադրութ և Արցախի պատմական կենտրոն՝ Շուշի քաղաք, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործվել են պատերազմական հանցագործություններ և զանգվածային ոճրագործություններ։
«Ընդգծվել է, որ Ադրբեջանի իշխանությունները նմանատիպ միջոցառումներով փորձում են օրինականացնել Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիան և ամրապնդել հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու սեփական պնդումները», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Բոլոր հանդիպումների ընթացքում շեշտվել է, որ դիվանագիտական ներկայացուցիչների ներգրավվումը նմանօրինակ այցելություններին հակասում է Հայաստանի Հանրապետության և տվյալ երկրների միջև ձևավորված համագործակցության ոգուն, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշմանը։ Այս տեսակետից Հայաստանը հաստատակամորեն կոչ է անում ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են արդարացնել ուժի կիրառումը և դրանով իսկ խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։
«Ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», - նշվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նախաձեռնել է նաև քայլեր՝ հասցնելու Հայաստանի Հանրապետության վերոնշյալ դիրքորոշումը համապատասխան այն երկրների մայրաքաղաքներին, որոնք իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Հայաստանում հավատարմագրել են համատեղության կարգո:-0-