Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, կա զոհ և վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
«Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։–0–