Рейтинг@Mail.ru
USD
390.9
EUR
444.61
RUB
4.7857
GEL
142.3
2025 թ. ապրիլի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+9

Արդարադատության նախարար․ պետք է ամեն ինչ անենք, որ Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի մինչև 2026թ․–ի ընտրությունները

20.02.2025, 15:50
Սրբուհի Գալյանը նշեց, որ պետք է ամեն ինչ արվի, որ Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները
Արդարադատության նախարար․ պետք է ամեն ինչ անենք, որ Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի մինչև 2026թ․–ի ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Այն հանձնառությունը, որ ստանձնել ենք, միտված են նրան, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները, ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր կառավարության նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։

«Նախորդ տարիների ընթացքում փորձեր եղել են Սահմանադրության նոր նախագծի հետ կապված հայեցակարգերի մշակման և  այդ հայեցակարգերը կարելի է ասել, ըստ էության, մշակված են: Հիմա մեր խնդիրը ոչ թե նոր հայեցակարգի մշակումն է, այլ՝ Սահմանադրության նոր տեքստի մշակումը: Այս պահին աշխատանքներն այդ ուղղությամբ կատարվում են», – ասաց նախարարը։

Նա նշեց, որ պետք է ամեն ինչ արվի, որ Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները:

«Այն հանձնառությունը, որ ստանձնել ենք, միտված են նրան, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները: Դրանից հետո արդեն, իհարկե, որոշում կկայացվի հանրաքվե իրականացնել»,- ասաց նա՝ չբացառելով, որ Սահմանադրության հանրաքվեն լինի ընտրություններից հետո:

Հարցին՝ հնարավո՞ր է նոր Սահմանադրության մեջ հանվի հղումը Արցախի վերաբերյալ, նա արձագանքեց. «Ես ոչինչ չեմ բացառում, այդ հարցի շուրջ դեռևս վերջնական որոշում չունենք, բայց կլինի, թե չի լինի այն արտահայտությունը, որ այսօր կա տեքստում, մեր իրական կյանքում որևէ բան չի փոխելու։ Այս պահին տեքստի մասով թույլ տվեք մեկնաբանություններ չտալ, որովհետև մեկնաբանություններ տալու իրավունքը, կարծում եմ, կվերապահենք համապատասխան հանձնաժողովին»։

Նա նշեց, որ գործընթացի ներառականությունն ապահովելու համար բազմաթիվ քննարկումներ նախատեսվում նաև քաղաքացիական հասարակության հետ։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում հայտարարեց, որ անհրաժեշտ է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունում, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեները հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։