Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից

01.07.2022, 16:04
«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից
Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./ԱՌԿԱ/. «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Գևորգյանի հայտարարությունը, որը նաև հրապարակել է Տելեգրամյան իր էջում։

«2021 թվականից հանդիսանալով ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ աշխատանքին, ներդրել եմ իմ փորձն ու գիտելիքը, մշտապես փորձել եմ հանձնաժողովում ապահովել արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։ Դա արել եմ` հատկապես կարևորելով եվրասիական զարգացման` մեր պետության հեռանկարը:

Քաղաքական իրադարձությունները երկրում, սակայն, բերեցին մի կետի, որ ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք ես չեմ կարող անտեսել, և որոնք ինձ թույլ չեն տալիս շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ։ Նման որոշումները նաև լավագույն առիթ կարող են հանդիսանալ`  վերաիմաստավորելու և գնահատելու ձեռք բերած քաղաքական փորձը և նոր գիտելիքները, խթան կարող են դառնալ նաև իմ անձնական ապագայի տեսլականի ձևավորման համար, ինչպես դա եղավ 2014 և 2018  թվականներին` բարձր պետական պաշտոններից հեռանալուց հետո:

Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքը  և ստանձնած պարտավորությունների իրականացումը  բոլոր այն միջազգային հարթակներում և կառույցներում, որոնք կարևոր են մեր պետության համար»։

Այսօր ավելի վաղ Իշխան Սաղաթելյանը հեռացվել է ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնից։

Նշենք, որ Սաղաթելյանի հետկանչով ընդդիմությունը չի կորցնում փոխվարչապետի քվոտը և կարող է նոր թեկնածու ներկայացնել։

Հունիսի 28-ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը սկսել է Սաղաթելյանին Ազգային ժողովի փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու գործընթացը։ Հիմնավորումը Ազգային ժողովի ընթացիկ նստաշրջանի նիստերի կեսից ավելիին ընդդիմադիր պատգամավորների բացակայությունն է։

Մայիսի 3-ից «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները ամբողջ կազմով բոյկոտում էին խորհրդարանի նիստերը՝ կազմակերպելով հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ։ Նրանք պահանջում էին Փաշինյանի հրաժարականը՝ պնդելով, որ վերջինս հակապետական քաղաքականություն է վարում և չի կարողանում ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը։-0-