Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Արսեն Թորոսյանը պարզաբանել է իր հրաժարականի, վարչապետի հետ կոնֆլիկտի և կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու լուրերը

27.08.2020, 15:57
Արսեն Թորոսյանը պարզաբանել է իր հրաժարականի, վարչապետի հետ կոնֆլիկտի և կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու լուրերը
Արսեն Թորոսյանը պարզաբանել է իր հրաժարականի, վարչապետի հետ կոնֆլիկտի և կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու լուրերը
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հինգշաբթի մեկնաբանել է իր հրաժարականի, վարչապետի հետ կոնֆլիկտի և կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մասին լուրերը;

Փաշինյանն օգոստոսի 25–ին որոշում է ստորագրել, որով Թորոսյանին տրամադրվել է արձակուրդ մինչև սեպտեմբերի 18–ը։

«Վարչապետի հետ նույնիսկ չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ հանդիպել։ Նման հրապարակումներ հիշում եմ, որ կան արդեն երկու տարի, հետևաբար իմաստ չեմ գտնում այդ լուրերի համար պատճառներ փնտրել։ Միգուցե ոմանց դրդմամբ, միգուցե գլոբալ քաղաքական շահարկումների, ոչ միայն իմ անձով պայմանավորված, բայց դրանց պատասխաններն արդեն տրվել են», – ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում։

Պատասխանելով այն հարցին, թե կոշտ խոսակցություն ունեցե՞լ է վարչապետի հետ, և նա ինչպե՞ս է գնահատում նախարարության աշխատանքը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում` Թորոսյանը նշել է, որ աշխատանքների գնահատականը միամոմենտ երևույթ չէ, այլ պրոցես է, որը միշտ տեղի է ունենում` սկսած հրապարակային քննարկումներից նիստերի ժամանակ վերջացրած տետ–ա–տետ հանդիպումներից։

«Կոնկրետ վերջին շրջանում վարչապետի հետ տետ–ա–տետ, փակ քննարկում տեղի է ունեցել ավելի քան երկու շաբաթ առաջ։ Վերջին անգամ եղել եմ կառավարության նիստին, որի ժամանակ ոչ մի կոնկրետ բան չի քննարկվել։ Իսկ գլոբալ առումով կորոնավիրուսի դեմ պայքարը միայն ԱՆ–ի գործը չէ, այլ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության։ Եվ այդպես էլ եղել է, բոլոր գերատեսչություններն իրենց մասով արել են իրենց աշխատանքները և շարունակում են անել, և մենք էլ մեր մասով։ ՀՀ քաղաքացիների` կորոնավիրուսով հիվանդացած և դժբախտաբար մահացած տոկոսը ցույց է տալիս, որ առողջապահական համակարգն արել է ավելին, քան կարող էր` հաշվի առնելով վերջին տասնամյակներին առողջապահությանը հատկացված թե ֆինանսական միջոցները, թե ուշադրությունը», – ասել է Թորոսյանը։

Նրա խոսքով, առողջապահության ոլորտին և նախարարությանը տրված գնահատականը չի կարող լինել այլ, քան «բավարար» կամ «լավ»։

«Այն մոբիլիզացիան, որը առողջապահական ամբողջ համակարգն իր 40 հազար աշխատողների և ավելի կոնկրետ 5 հազար աշխատողներով, որոնք զբաղված են եղել կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ և կանխարգելմամբ, աննախադեպ է երբևէ Հայաստանի պատմության մեջ։ Նման մոբիլիզացիա` և մարդկային ռեսուրսների, և ֆինանսական ռեսուրսների, և սարքավորումների, երբեք չի եղել։ Եվ այդ ամեն ինչն արվել է շատ արագ, շատ կարճ, 24 ժամ աշխատելու ռեժիմով։ Եվ նույնը շարունակվում է մի քիչ ավելի թույն տեմպով, որովհետև բարեբախտաբար ունենք ավելի լավ վիճակ», – նշեց նախարարը։

Լրագրողի դիտարկմանը, որ համավարակի թվերը նվազել են, սակայն համավարակը դեռ հաղթահարված չի և հարցին՝ ինչո՞ւ է նախարարը հիմա գնում արձակուրդ, Թորոսյանը պատասխանել է. «Ինձ թվում է` դա ոչ թե իմ սահմանադրական իրավունքն է, այլ իմ երեխաների և իմ ընտանիքի, և այդ իրավունքը ոչ ոք չի կարող ոտնահարել։ Ես լինելու եմ Հայաստանում, միշտ հասանելի, հավանաբար որոշ օրեր նաև գործի եմ գնալու», – ասել է Թորոսյանը։

Պատասխանելով այն հարցին, թե համավարակի ընթացքում Առողջապահության նախարարության կատարած ծախսերի վերաբերյալ պարետատունը հաշվետվություն պահանջե՞լ է` նախարարն ասել է, որ իրենցից որևէ կառույց հաշվետվություն չի պահանջել։

«Մենք չենք սպասում հաշվետվություններ պահանջելուն։ Մենք հրապարակում ենք մեր բոլոր ծախսերը, և մի քանի օր առաջ արդեն հրապարակել ենք ծախսերն օգոստոսի 1–ի դրությամբ։ Ես կարծում եմ, որ կորոնավիրուսային հիվանդության ժամանակ արված ծախսերի վերաբերյալ քննարկումը պետք է լինի մոտավորապես հետևյալ տրամաբանությամբ. արդյոք մենք բավարար քանակով ի վերջո ֆինանսավորեցի՞նք կորոնավիրուսի դեմ պայքարը, թե՞ օրինակ թողեցինք անպաշտպան մեր բժիշկներին, առանց դեղորայք մեր հիվանդներին, առանց սարքավորումներ մեր հիվանդանոցները։ Նման բան չկա, որովհետև մենք բավարար չափով արել ենք ծախսերն իմ ասած բոլոր ուղղություններով։ Մոբիլիզացիան պահանջել է նաև ֆինանսական ռեսուրսներ, որոնք տրամադրվել են բավարար չափով, իհարկե առյուծի բաժինը` պետական բյուջեից, փոքր մասը` մեր գործընկերներից, որոնց շատ շնորհակալ ենք», – ասաց Թորոսյանը։–0–