Բոլթոնը մտադիր է հանդիպել Մնացականյանի և Մամեդյարովի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։
«Անհամբեր սպասում եմ այս շաբաթվա վերջ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը` նրանց միջև երկխոսության շարունակությանը նպաստելու համար» , – գրել է Բոլթոնը Twitter–ի իր էջում։
Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության առաջխաղացմանը։
Մի քանի ժամ առաջ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook–յան իր էջում հայտնել է, որ Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունիսի 20–ին ԱՄՆ–ի մայրաքաղաքում, ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը։–0–