Рейтинг@Mail.ru
USD
385.32
EUR
455.06
RUB
4.9092
GEL
141.61
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+30

Մեծ Բրիտանիայի դեսպանին տպավորել է ՀԱՊԿ անդամ Հայաստանի և ՆԱՏՕ–ի համագործակցությունը

20.03.2014, 14:38
ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը տպավորված է ՀԱՊԿ անդամ Հայաստանի` ՆԱՏՕ–ի հետ համագործակցությամբ։
Մեծ Բրիտանիայի դեսպանին տպավորել է ՀԱՊԿ անդամ Հայաստանի և ՆԱՏՕ–ի համագործակցությունը
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը տպավորված է ՀԱՊԿ անդամ Հայաստանի` ՆԱՏՕ–ի հետ համագործակցությամբ։

«Ինձ շատ տպավորեց այն, թե ինչպես ՀԱՊԿ անդամ Հայաստանը գործընկերություն է կառուցում ՆԱՏՕ–ի հետ։ Ռուսաստանի և ՀԱՊԿ–ի հետ ռազմավարական գործընկերությունը հասկանալի է, և կասկած չի հարուցում նաև այն, թե ինչ է  Հայաստանը ցանկանում ձեռք բերել ՆԱՏՕ–ի հետ հարաբերություններում, դա պրոֆեսիոնալ խաղաղապահ բրիգադ ստեղծելն է, Աֆղանստանում ավելի քան 100 մարդու առկայությունը, պաշտպանական ռազմավարության վերանայման գործընթացը, ինչպես նաև պրոֆեսիոնալ սերժանտային անձնակազմի ուսուցումը», – հայտարարեց Լիչը Երևանում «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային համաժողովի բացման ժամանակ։

ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր հերթին հայտարարեց, որ Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ–ի հետ արդյունավետ համագործակցությունը և կողմ է փոխհամալրմանը ՆԱՏՕ–ի հետ համագործակցության և ՀԱՊԿ–ին անդամակցելու հարցերում։

«Հայաստանը ՀԱՊԿ–ի առանցքային անդամ է, սակայն մենք, սերտորեն համագործակցելով կազմակերպության հետ, շարունակում ենք մեր գործընկերությունը ՆԱՏՕ–ի հետ` հստակ սահմանված ծրագրով և օրակարգով։ Եվ համարում ենք, որ գոյություն ունի փոխհամալրման ռեսուրս, որով պետք է առաջ շարժվենք, քանի որ առճակատման ռեսուրսը միանշանակ կհանգեցնի բացասական զարգացումների», – ասել է նա։

Նա նշեց, որ արդեն 6 տարի է` գործում է ՆԱՏՕ–ի հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, որն ինքը գլխավորում է` որպես ԱԱԽ քարտուղար, և «այդ տարիների ընթացքում կատարվել են բոլոր միջոցառումները ՆԱՏՕ–ի հետ անհատական գործընկերության ծրագրի շրջանակում»։

Բաղդասարյանի խոսքով` Հայաստանն ու ՆԱՏՕ–ն համագործակցում են ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում, պաշտպանության ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների հարցում, զարգացնում են անհատական գործընկերության ծրագրով նախատեսված համագործակցությունը կիբերանվտանգության և արտակարգ իրավիճակների ոլորտներում, ահաբեկչության և կոռուպցիայի դեմ պայքարում, 2004 թ.–ից հայ խաղաղապահները մասնակցում են ՆԱՏՕ–ի խաղաղապահ առաքելություններին։

«Հայաստանը տարածաշրջանային և միջազգային կայունությանը և անվտանգության աջակցող երկիր է։ Մենք կարևորում ենք մեր զինված ուժերի մասնակցությունը տարածաշրջանային և միջազգային հարթակներում անվտանգության ապահովման առաքելություններին», – ավելացրեց նա։

«ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային համաժողովը կազմակերպել է SPECTRUM ռազմավարական վերլուծության կենտրոնը։

Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկումներ կլինեն Հարավային Կովկասի և հարևան պետությունների անվտանգությանը վերաբերվող կարևոր հարցերի շուրջ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Բելգիայի փորձագետների ու հետազոտողների մասնակցությամբ:–0–