ԵԽ պատգամավորը մտահոգություն է հայտնել Փաշինյանի կոչով դատարանների արգելափակման կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./ԱՌԿԱ/. Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստան–ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմը մտահոգություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների արգելափակման կապակցությամբ։
Մայիսի 19–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Հանուն անկախ դատարանների» ակցիայի մեկնարկի մասին և կոչ արեց մայիսի 20–ին ժամը 08։30–ից արգելափակել հանրապետության բոլոր դատարանների մուտքն ու ելքը` խոստանալով ժամը 12։00–ին հանդես գալ հատուկ հայտարարությամբ։ Մայիսի 20–ին ժամը 08։30–ից ակտիվիստներն արգելափակեցին հանրապետության դատարանների մուտքն ու ելքը։ Նույն օրը Փաշինյանը հայտարարեց, որ եկել է դատական համակարգում «վիրահատական միջամտության» ժամանակը, իսկ 13։30–ին կոչ արեց վերացնել դատարանների արգելափակումը։ Փաշինյանը նաև նշեց, որ Հայաստանում գործող դատավորները պետք է ենթարկվեն vetting–ի, բացի այդ կենսականորեն անհրաժեշտ է անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը։
«Մայիսի 18–ին Երևանում դատարանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատական գործընթացի շրջանակում վճռեց կալանքից ազատել նրան։ Առանց միջամտության սկզբունքի վերաբերյալ ավելորդ նախապաշարմունքի ցանկանում ենք արտահայտել մեր մտահոգությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր աջակիցներին ուղղված կոչի (մայիսի 20-ին արգելափակել հայաստանյան բոլոր դատարանները) և բոլոր դատավորների նկատմամբ կիրառվող պարտադիր «ժողովրդական vetting» կապակցությամբ», - նշվում է Եվրախորհրդարանի կայքում հրապարակված Քարիմի հայտարարության մեջ։
Փաստաթղթվում նշվում է, որ դատավորների քաղաքականցումն առաջնահերթ ու կարևոր խնդիր է Հայաստանի համար։
«Մենք ապավինում ենք, որ կոմպետենտ մարմինները միջազգային գործընկերների աջակցությամբ կիրականացնեն կառուցվածքային բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են համակարգի թափանցիկության և արդյունավետության համար», – նշվում է հայտարարության մեջ։
«Դատական իշխանությունը, որն ազատ է անիրավական ազդեցությունից, կվերականգնի քաղաքացիների վստահությունը, քանի որ դա նախադրյալ է օրենքի գերակայության համար։ Միաժամանակ մենք համառորեն կոչ ենք անում բոլոր պաշտոնյաներին դրսևորել խոհեմություն և զսպվածություն, ինչպես դա եղել է նախորդ տարի «թավշյա հեղափոխության» ժամանակ, գործել բացառապես Սահմանադրությամբ իրենց ամրագրված մանդատների շրջանակում և պահպանել հստակ ու պարտադիր բաժանում իշխանության օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի միջև», – նշվում է ԵԽ պատգամավորի հայտարարության մեջ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով աղմկահարույց դատական գործընթացը մայիսի 18–ին նոր թափ ստացավ դատավոր Դավիթ Գրիգորյանի ընդունած որոշումից հետո։
Մայիսի 18–ին, Գրիգորյանը, քննելով Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինելու հարցը, որոշեց կալանքից ազատ արձակել Քոչարյանին` Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ։ ԶԼՄ–ների տվյալներով, Սահակյանն ու Ղուկասյանը որպես գրավ վճարել են 500 հազարական դրամ (ավելի քան 1000 դոլար)։–0–