Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

13.01.2020, 13:47
Հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը և հավատամքը. Փաշինյանն ուղերձ է հղել Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ. ՎԻԴԵՈ
Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի ուղերձ է հղել Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ։

«Հարգելի հայրենակիցներ, այսօր մենք ոգեկոչում ենք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների ու զանգվածային տեղահանումների զոհերի անմար հիշատակը: 30 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես եղավ ու դատապարտեց Բաքվում հայ բնակչության ջարդերը», – նշել է ՀՀ վարչապետն` ավելացնելով, որ Սումգայիթի ոճրագործությունից հետո թափ հավաքող բռնաճշնումների և էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով, 1990 թվականին Բաքվի 250 հազարանոց հայկական համայնքից մնացել էր միայն 35-40 հազարը՝ հիմնականում տարեց և անօգնական մարդիկ: Նրանց հետագա ճակատագիրն ավելի ողբերգական էր: Հարյուրավոր սպանվածներ, խեղվածներ և անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ. այսպիսինն էր շուրջ մեկ շաբաթ Բաքվում մոլեգնած հակահայկական ջարդերի հետևանքը:

«Բաքվի հայերը որևէ սպառնալիք չէին հանդիսանում Ադրբեջանի, նրա իշխանությունների կամ քաղաքական ուժերի համար: Նրանք միայն ցանկանում էին շարունակել ապրել իրենց և իրենց նախնիների ծննդավայրում: Այնուհանդերձ Ադրբեջանի կողմից նրանք ընկալվում էին սպառնալիք միայն իրենց էթնիկ ծագման պատճառով», – ասվում է վարչապետ Փաշինյանի ուղերձում:

Նրա խոսքով, հայերը Բաքվում ապրել էին դարեր շարունակ և այդ քաղաքին տվել իրական բազմամշակութային դիմագիծ: 19-րդ դարում նրանք մեծագույն ավանդ են ունեցել քաղաքի նավթարդյունաբերության հիմնադրման և զարգացման գործում: Անգնահատելի է հայության դերը քաղաքի զարգացման գործում նաև խորհրդային տարիներին:

«Դեպքերից 30 տարի անց Ադրբեջանում գոյություն չունի Բաքվի հակահայկական ջարդերի զոհերի հանդեպ որևէ հարգանք և կարեկցանք: Այն սակավաթիվ ձայները, որոնք քաջություն են ունեցել անգամ գրական ստեղծագործություններում հիշատակել Բաքվի հայերին բաժին հասած ողբերգությունը, գամվել են անարգանքի սյունին և պաշտոնապես հռչակվել դավաճան: Անգամ այսօր անօգնական մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարները դասվում են Ադրբեջանի հերոսների շարքին, իսկ նրանց գործած ոճիրները համարվում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ պայքարի փառապանծ էջ: Ցավով պետք է արձանագրենք, որ անցած երեք տասնամյակն Ադրբեջանում չի դարձել վերաիմաստավորման, զղջման և հաշտության հասնելու ժամանակաշրջան», – նշվում է ՀՀ վարչապետի ուղերձում:

«Այս ընթացքում ականատես ենք եղել Արցախի բնակչությանը բնաջնջելու փորձի, մարդասպանության համար պատիժ կրող Ռամիլ Սաֆարովին ազատ արձակման և հերոսացման, 2016թ. ապրիլին Արցախի սահմանամերձ բնակավայրում տարեց և անօգնական մարդկանց դաժան խոշտանգման և սպանության: Հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը և հավատամքը: Այսօր, մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր միջազգային կառույցներին և խորհրդարանական մարմիններին, որոնք արձագանքել և փաստագրել են այս իրադարձություններին՝ դրանք դատապարտելով ու աշխարհին ի ցույց դնելով: Գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջև, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու: Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և ողջ աշխարհասփյուռ հայությունը միասնաբար ներդնելու են իրենց ողջ ներուժը՝ ապահովելու հայ ժողովրդի գոյության և խաղաղ զարգացման իրավունքը իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում», – նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

1990թ.–ի հունվարի 13–19–ն ադրբեջանական իշխանությունները կազմակերպել և իրականացրել են Բաքվի հայկական բնակչության զանգվածային ջարդեր։ Մոտ քառորդ միլիոն տեղաբնակ հայեր ենթարկվել են բռնության և տարհանման միայն ազգային պատկանելիության պատճառով, ինչի հետևանքով Բաքվում չի մնացել հայկական բնակչություն։

Բաքվում բնակվող հազարավոր հայերի շարժական և անշարժ գույքը թալանվեց։ Բռնության զոհ դարձավ ավելի քան 400 հայ, ինչի մասին վկայում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։–0–