Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ ԱԺ պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ, ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել

13.04.2022, 11:27
ԱԺ պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ, ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել
ՀՀ ԱԺ պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ, ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./ԱՌԿԱ/. «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հայտնել է, որ ռուս խաղաղապահները թույլ չեն տալիս, որպեսզի հայ պատգամավորները մուտք գործեն Արցախ:

««Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցությունների եւ Արցախի գործընկերներիս հետ միասին գտնվում եմ Արցախի դարպասների մոտ, որտեղ 3 ժամից ավել է չեն թույլատրում մուտք գործել Արցախի Հանրապետություն: Խաղաղապահներն ունեն ցուցակներ` մեր անուն ազգանուններով, որպեսզի թույլ չտան մեր մուտքն Արցախ: Հստակ է մեկ բան, որ գործող իշխանությունը, Նիկոլի գլխավորությամբ, կատարում է ադրբեջանաթուրքական տանդեմի` ի դեմս Ալևի հրահանգները: Թերևս, պարզ է՝ գաղտնի պայմանավորվածություններն ընթանում են, ու անհայտ է, թե հիմա ինչ են փորձում թաքցնել», - ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցությունները նախօրեին բոյկոտեցին ԱԺ քառօրյան և հայտարարեցին, որ մեկնում են Արցախ և Հայաստանի սահմանամերձ մարզեր:

Այս կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳՆ` նշելով, որ նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։

«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ:  Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները», – նշվում է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։–0–