Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
449.14
RUB
4.9007
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 28, կիրակի
եղանակը
Երևանում
0

ՀՀ–ն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը գերիների փոխանակման գործընթացում, ինչպես նաև ստեղծել նոր մեխանիզմ

02.12.2020, 16:57
ՀՀ–ն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը գերիների փոխանակման գործընթացում, ինչպես նաև ստեղծել նոր մեխանիզմ
ՀՀ–ն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը գերիների փոխանակման գործընթացում, ինչպես նաև ստեղծել նոր մեխանիզմ

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման ու հրադադարի հաստատման գործում ունեցած առանցքային դերակատարության համար:

«Հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են գերիների փոխանակման գործընթացին, անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին ու զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին վերաբերող հարցերը: Փոխվարչապետը նշել է, որ այս խնդիրները Հայաստանի կառավարության օրակարգում առաջնային ու հրատապ տեղ են գրավում և ամեն ինչ արվում է գործընթացը հնարավորինս արագացնելու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Տիգրան Ավինյանն ասել է, որ գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Բացի այդ, առաջարկվում է ստեղծել մեխանիզմ, որի համաձայն եթե ապագայում կողմերից որևէ մեկի մոտ նոր գերիներ հայտնվեն, ապա նրանք անմիջապես ու առանց որևէ նախապայմանների պետք է հետ վերադարձվեն:

Դեսպան Կոպիրկինը նշել է, որ գերիների, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման հարցերը գտնվում են Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացմանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարևորել է Արցախի բնակչության հումանիտար խնդիրների լուծման հարցում Ռուսաստանի ցուցաբերած օգնությունը: Նա նաև ընդգծել է միջազգային հումանիտար կազմակերպությունների Արցախ անխափան մուտքի կարևորությունը:–0–