Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել

25.05.2021, 20:14
ՀՀ նախագահը հայտարարել է, որ ՀՀ համապատասխան կառույցները պետք է ամենախիստ միջոցները ձեռնարկեն ընդդեմ երկրի տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների, իսկ միջազգային կառույցներն առավելագույնս անհանդուրժող լինեն Ադրբեջանի գործողությունների հանդեպ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ համապատասխան կառույցները պետք է ամենախիստ միջոցները ձեռնարկեն ընդդեմ երկրի տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների, իսկ միջազգային կառույցներն առավելագույնս անհանդուրժող լինեն Ադրբեջանի գործողությունների հանդեպ։ Այս մասին նշվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարության մեջ։

Ստորև ներկայացնում ենք Սարգսյանի հայտարարությունն ամբողջությամբ։

«Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող տևական ոտնձգություններից և ապօրինի գործողություններից հետո այսօր Ադրբեջանը դիմել է սահմանային իրավիճակը լարելու նոր սադրանքի:

ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել հայկական զինուժի ուղղությամբ: Հայկական կողմից կա զոհ: Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին և հարազատներին։

Հորդորում եմ պետական համապատասխան կառույցներին՝ գործադրել բոլոր ջանքերը և ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների:

Դատապարտելով Ադրբեջանի սադրիչ գործողությունները և իրավիճակը սրելու քայլերը՝ միաժամանակ, կոչ ենք անում միջազգային հանրությանը և բոլոր շահագրգիռ պետություններին՝ լինել առավելագույնս անհանդուրժող և կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրիչ գործողություններին համապատասխան գնահատական տալու և դատապարտելու ուղղությամբ»:–0–