Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար.տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առավել տեսանելի են ԽՍՀՄ ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների վերականգնման հնարավորությունները

31.05.2021, 14:11
Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում ներկա պահին շարունակվում են ուսումնասիրվել միջազգային փոխադրումների հետ կապված սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության կազմակերպման հարցերը
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար.տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առավել տեսանելի են ԽՍՀՄ ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների վերականգնման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./ԱՌԿԱ/. Տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում առավել տեսանելի են համարվում Խորհրդային միության ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման և դրանցով հավասար իրավունքներով և պայմաններով բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունները:

Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, Հայաստան- Ռուսաստան-Ադրբեջան աշխատանքային խմբում ՀՀ ներկայացուցիչ Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ առաջիկայում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները շարունակվելու դեպքում, դրանք կծավալվեն այս հնարավորությունների շուրջ, հաղորդում է «Արմենպրեսը»:    

«2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն ստեղծված փորձագիտական ենթախմբերի կողմից իրականացվել են վերլուծական և հետազոտական ծավալուն աշխատանքներ, որոնք վերաբերում են երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների տեխնիկապես հնարավոր և արդյունավետ տարբերակների բացահայտմանը՝ հաշվի առնելով նաև անվտանգության, սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության անհրաժեշտ գործառույթների կազմակերպման և իրականացման հնարավորությունները», – ասել է Գրիգորյանը`մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով բանակցվող տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում կան լավ արդյունքներ։ 

«Տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում ներկա պահին շարունակվում են ուսումնասիրվել միջազգային փոխադրումների հետ կապված սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության կազմակերպման հարցերը՝ ԱՊՀ նորմատիվ իրավական բազայի, ինչպես նաև մնացած այն բազմակողմ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների կարգավորումների շրջանակներում, որոնց կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը: Նույն համատեքստում գնահատվում են նաև տարածաշրջանի այլ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների և ուղիների հետ հնարավոր կապերի պոտենցիալ ազդեցությունը և տնտեսական էֆեկտները: Այս պահի դրությամբ առավել տեսանելի կարելի է համարել Խորհրդային միության ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման և դրանցով հավասար իրավունքներով և պայմաններով բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունները: Կարծում եմ, առաջիկայում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները շարունակվելու դեպքում, դրանք կծավալվեն այս հնարավորությունների շուրջ», – ասել է Գրիգորյանը:    

Նա ընդգծել է, որ տարածաշրջանային տրանսպորտային կապերի  ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքներում «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել և չի քննարկելու: –0–