Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+9

ՀՀ վարչապետը մտադիր է մարտի 1–ին երթ կազմակերպել

21.02.2019, 10:31
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1–ին պատրաստվում է կազմակերպել հզոր երթ։
ՀՀ վարչապետը մտադիր է մարտի 1–ին երթ կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է զանգվածային երթ կազմակերպել Մարտի 1–ի դեպքերի 11–րդ տարելիցի օրը։

Հայկական ընդդիմությունն` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։

«Ինչպես գիտեք՝ լրանում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների 11 տարին և քննարկումների արդյունքում որոշեցինք այդ օրը նշանավարել քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան: Այս երթը նվիրված է լինելու ՀՀ քաղաքացու հաղթանակին: Այս երթը ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների», – նշել է Փաշինյանը Facebook–յան ուղիղ եթերում։

Նրա խոսքով, երթը նշանանավորելու է այն հանգրվանը, որ Հայաստանում քաղաքացու հաղթանակն ու քաղաքացու իշխանությունն արդեն անշրջելի է, որ ՀՀ-ում այլևս չեն լինելու ընտրակեղծիքներ,  որ «մենք ՀՀ-ում դեմ ենք կանգնում քաղաքական բռնություններին, կոռուպցիային, ապօրինություններին, քաղաքական հետապնդումներին»:

Երթը կմեկնարկի մարտի 1–ին ժամը 18։30–ին Ազատության հրապարակից։

«Մենք պետք է ցույց տանք մեր վճռականությունը և հավատարմությունը ժողովրդավարությանն ու ժողովրդի իշխանությանը` շրջելով կոռուպցիայի և ընտրակեղծիքների էջը», – հայտարարեց Փաշինյանը։ 

Հայաստանի նոր իշխանությունները, մասնավորապես, 2018թ.–ի «թավշյա» հեղափոխության արդյունքում իշխանության եկած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել են քրեական գործերի հարուցում բարձրաստիճան պաշտոնյաների դեմ և սկսել են Մարտի 1–ի գործի քննությունը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1–ի գործի շրջանակում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Նա այժմ կալանավորված է։

ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր–Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը հարցաքննության են կանչվել Հատուկ քննչական ծառայություն։ Որպես մեղադրյալներ ներգրավված են ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով ազատ է արձակվել 5մլն դրամ գրավի դիմաց և ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանն ու Սեյրան Օհանյանը։–0–