Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+19

ՀՀ վարչապետը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ

26.10.2023, 14:23
Փաշինյանը նշել է, որ հիմա աշխատում են Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա
ՀՀ վարչապետը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Մենք հիմա աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա, «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հույս է հայտնել, որ այդ գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին:

Նա նաև ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ.

- Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ընկալմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը` 86 հազար 600:

«Այս հանրագիտարանային արձանագրումն արվել է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի կողմից արվող հայտարարությունները՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, տեղ չթողնի ասելու, թե տվյալ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելով դիմացի երկիրը նկատի ունի նրա միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը միայն», – ընդգծել է Փաշինյանը:

- Հաջորդ սկզբունքն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են սահմանների դելիմիտացիա իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Ալմա-Աթայի հռչակագրի առանցքային իմաստը հետևյալն է.

- Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ և Հռչակագիրը ստորագրած 12 հանրապետությունները, ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը, և հետևաբար՝ Խորհրդային միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:

«Ինչպես ասացի, մենք հույս ունենք՝ այս սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ առաջիկա ամիսներին ստորագրել Խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագի», – ասել է Փաշինյանը։

Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկայում նաև զարգացումներ կլինեն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման ուղղությամբ, որը նույնպես դրական ազդակ կբերի ամբողջ տարածաշրջանին:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում