Հայ կանայք բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի մոտ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./ԱՌԿԱ/. «ՎԵՏՕ» հասարակական–քաղաքական շարժման կին անդամներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանի գործող իշխանությունների դեմ։
Ազնավուրի հրապարակում հավաքված կանայք քայլերթ են կազմակերպել դեպի կառավարության շենք, որտեղ սկսել են վանկարկել «Առանց թուրքի Հայաստան», «Հեռացիր», «Ամոթ»։
Ակցիան կազմակերպվել է հենց ապրիլի 7–ին` Հայաստանում նշվող Մայրության և գեղեցկության տոնի օրը։
«Այսուհետ մեր կյանքում չկան տոներ։ Մենք արդեն 6 ամիս է` չենք կարողանում շրջել օրացույցը նոյեմբերի 10–ից (2020 թվականի, խմբգր.)։ Այսուհետ տոները կորցրել են իրենց նշանակությունը, չկա տոնելու ցանկություն և տրամադրություն։ Քանի դեռ այս թրքամետ իշխանությունները մնում են մեր կյանքում և մեր պետությունում, մենք չենք կարող թույլ տալ մեզ ապրել սովորական կյանքով», – ասաց ցուցարարներից մեկը։
Նրա խոսքով, հայ կանայք այսօր ոտքի են կանգնել, քանի որ սա արդեն արժանապատվության հարց է, սա նրանց ազատագրական շարժումն է և պայքարը գոյության համար։
«Այսօր մենք մեր օրինակով ցույց կտանք բոլոր հայ տղամարդկանց, որ հիմա կարևոր է լինել վճռական, որ ոչ մի պաշտոն և աշխատավարձ չի կարող ավելի բարձր լինել արժանապատվությունից և ինքնասիրությունից», – նշեց ակցիայի մյուս մասնակիցը։
Այնուհետև ակցիայի մասնակիցները փորձեցին ներխուժել կառավարության շենք, նրանցից ոմանք բերման ենթարկվեցին։–0–