Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում ընտրական գործընթացին խոչընդոտողները կենթարկվեն քրեական պատասխանատվության

29.04.2021, 13:36
Ազգային ժողովը նախօրեին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ընտրական գործընթացների օրինականության բարձրացմանը նպաստող օրենքի նախագիծը
Հայաստանում ընտրական գործընթացին խոչընդոտողները կենթարկվեն քրեական պատասխանատվության

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ընտրական գործընթացների օրինականության բարձրացմանը նպաստող օրենքի նախագիծը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը, ընդունվեց միաձայն` 77 «կողմ» ձայնով:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման արդյունքում տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում: Նախագծով առաջարկվում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար ևս նախատեսել քրեական պատասխանատվություն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առաջարկվում է վարչական տույժ նախատեսել քվեարկության նախորդ օրը և բուն քվեարկության օրը քարոզչություն կատարելու, քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից քարոզչություն կատարելու դեպքերի համար:

«Նախագծերի ընդունումը կնպաստի ընտրական գործընթացների օրինականության բարձրացմանը: Նոր կարգավորումների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող ընտրությունները կդառնան ավելի ազատ, արդար և մրցակցային»,- ասված է օրենքի նախագծում:

Օրենսդրական փաթեթի հեղինակ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծից հանվել է հոդվածը, որով առաջարկվում է ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար ևս սահմանել քրեական պատասխանատվություն, երբ այդ գործողությունը կատարվել է շահադիտական նպատակներով, մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբի կողմից:–0–