Հայաստանը Ռուսաստանում ընկալվում է իբրև եղբայրական երկիր, առաջնահերթություններն ընդհանուր են. Կոպիրկին
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանը Ռուսաստանում ընկալվում է իբրև դաշնակից, եղբայրական երկիր։ Այս մասին «Արմենպրես»–ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Դուք քիչ առաջ հիշատակեցիք, որ շատ ռուսաստանցի զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան: Կարծում եմ՝ դա պատահական չէ: Բացի այն, որ մուտքի ռեժիմն է շատ պարզեցված, մեծ դեր է խաղում նաև այն, որ ռուսաստանցիները շատ լավ են զգում իրենց այստեղ՝ ճիշտ այնպես, ինչպես, ես համոզված եմ, շատ լավ են իրենց զգում հայերը Ռուսաստանում», – նշել է Կոպիրկինը։
«Ինչ վերաբերում է առաջնահերթություններին, ապա մեր ընդհանուր շահն, իհարկե, այն է, որ պահպանենք և բազմապատկենք մեր երկրների և ժողովուրդների հարաբերություններում կուտակված այն հարստությունը, այն վաստակը, որ մենք ունենք այսօր, և հարմարեցնենք մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ լինի անվտանգությունը, տնտեսությունը թե մշակույթը, հարմարեցնենք դրանք այն նոր իրողություններին և մարտահրավերներին, որոնց մեր երկրները առերեսվել են», – նշել է դեսպանը։
Նա ասել է, որ այդ իմաստով շատ կարևոր նշանակություն ունի ընդհանուր մասնակցությունը ինտեգրացիոն միավորումներին՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), և վերջերս տեղի ունեցած կլոր սեղանի անցկացումը այնպիսի արդիական թեմայով, ինչպիսին է «ԵԱՏՄ զարգացման հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո», որը տեղի ունեցավ ապրիլի 6-ին Երևանում, խոսում է այն մասին, որ դա իսկապես փոխհարաբերությունների շատ կարևոր մասն է:
«Ինտեգրացիոն գործընթացների զարգացման, աշխարհի փոխկախվածության խորացման դարաշրջանում հարաբերությունների նշված ասպեկտը շատ կարևոր է, և երկու կողմն էլ ամբողջությամբ գիտակցում են այդ կարևորությունը», – նշել է ՀՀ–ում ՌԴ դեսպանը:–0–