Կրեմլում հույս ունեն, որ Երևանը որոշակի հավաստիացումներ կտա Պուտինի հնարավոր ձերբակալության հարցում
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Կրեմլում հույս ունեն, որ Երևանը որոշակի հավաստիացումներ կտա Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշմամբ Պուտինի հնարավոր ձերբակալության հարցում, հայտնում է Ինտերֆաքսը։
«Իհարկե, շատ կարևոր է ստանալ որոշակի հավաստիացումներ մեր հայ գործընկերներից։ Այս հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակում, ինչին մենք տրամադրված ենք»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այսպես նա մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ինքը չէ, որ որոշում է ՌԴ նախագահի՝ ՄՔԴ սանկցիայով հնարավոր ձերբակալության հարցը, եթե նա այցելի Հայաստան։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 11–ին The Telegraph-ին տված հարցազրույցում ուղիղ պատասխան չի տվել այն հարցին՝ հնարավո՞ր է, արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալությունը և հանձնումը Հաագա, եթե նա այցելի Հայաստան։
Նշենք, որ նման պարտավորություն է նախատեսված Միջազգային քրեական դատարանին անդամակցությամբ, որին Հայաստանը միացել է այս տարվա փետրվարի 1–ին։
Թղթակցի այն ենթադրությանը, թե Փաշինյանը կարող է զանգահարել Վլադիմիր Պուտինին և ասել, որ նա ուղղակի չգա, քանի որ հնարավոր չէ երաշխավորել, որ նա չի ձերբակալվի, ՀՀ վարչապետը պատասխանել է․ «Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի»։–0–