Լավրով․ իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի․/ԱՌԿԱ/․ Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով, որը գիտակցաբար քանդում է հարաբերությունները ՌԴ–ի հետ, հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Իզվեստիային» տված հարցազրույցում։
«Հայաստանում ես արդեն մեկնաբանել եմ ներկա իրավիճակը, այն, իհարկե, լավատեսություն չի ներշնչում։ Հայաստանի ղեկավարությունը, անկեղծ ասած, հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման», – ասել է նա։
Լավրովի խոսքով, Երևանի այս կուրսը դրսևորվում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ծառայություն իրականացնող ռուս զինվորականների, սահմանապահների, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զրպարտությամբ։
Վերջին շրջանում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում նկատվում են սրացման միտումներ։ Մասնավորապես, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի սկզբին հայտարարել է, որ Հայաստանի կողմից ՌԴ–ից ռազմական տեխնիկայի գնումները կրճատվել են՝ 96%–ից հասնելով գրեթե 10%–ի, և այն բանից հետո, երբ ՌԴ–ն Հայաստանին չմատակարարեց անհրաժեշտ և արդեն վճարված սպառազինությունը (խոսքը 250մլն դլոարի պայմանագրերի մասին է), հայկական կողմը սկսեց փնտրել նոր գործընկերներ։ Միաժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12–ին հայտարարեց, որ ՌԴ–ի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի ինքնիշխան տարածքն իր համար «կարմիր գիծ է», պարզապես խոսքեր են։ Բացի այդ, Երևանը գրավոր իրազեկել է Մոսկվային 2024թ․–ի օգոստոսի 1–ից «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքի դադարեցման մասին։–0–