Նախարար. Սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2027թ․–ին

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2027թ․–ին, հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նրա խոսքով, ժամկետները նախնական որոշվել են սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքային քննարկումների ընթացքում։
«Փաստաթղթի վրա աշխատելու ենք մանրամասնորեն, ոչ թե հրատապ կարգով։ Կազմակերպվելու են հանրային քննարկումներ», – ասաց Մինասյանը լրագրողներին։
«Քննարկել ենք բավականին մանրամասն՝ սահմանադրական փոփոխություններ, թե նոր Սահմանադրություն տերմինաբանությունը։ Կարծես ունենք համաձայնություն, որ մեզ պետք է նոր Սահմանադրություն», – ասաց նախարարը։
Հունվարի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը երկիրը կդարձնի ավելի մրցունակ և կենսունակ աշխարհաքաղաքական նոր պայմաններում։
Հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չափազանցություն որակեց այն տեսակետը, թե հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն է Սահմանադրության փոփոխության պատճառը։ Հունվարի 24-ին նա հաստատեց, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի անկախության հռչակագրում։
Իսկ փետրվարի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ երկու երկրների միջև խաղաղություն կարող է ձեռք բերվել, եթե Հայաստանը վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին և փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ և այլ նորմատիվաիրավական փաստաթղթերում։ Նրա խոսքով, Հայաստանի Անկախության հռչակագիրն ուղղակի կոչեր է պարունակում Ղարաբաղը Հայաստանին միավորելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ, և այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են նաև Հայաստանի Սահմանադրության մեջ։