ՊՆ. Ադրբեջանը հասցրել է հրթիռային և ավիացիոն հարվածներ ՊԲ զորամասերի տարբեր օբյեկտներին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈւ–ները լայնամասշտաբ հրետակոծության, օդային միջոցների կիրառմամբ և ցամաքային զորքերով, անցել են լայնամասշտաբ հարձակման տարբեր հատվածներում։
Այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ կայացած ասուլիսի ժամանակ։
«Մարտական գործողություններն այս պահին էլ են ընթանում, այս պահին թեժ են։ Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել` կրելով զգալի կորուստներ։ Հասցրել է հրթիռային և ավիացիոն հրետանային հարվածներ ՊԲ զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյեկտներին, կան որոշակի ավերածություններ, կորուստներ։ Դրանք հիմնականում չնչին են։ Դրանք լրացուցիչ կճշտենք, կոնկրետ թվերով լրացուցիչ կներկայացնենք», – ասաց Հովհաննիսյանը։։
Նրա խոսքով, շուտով կլինի ԱԱԽ նիստ, որի ընթացքում, ստ իրավիճակի, կորոշվեն հստակ հարցեր։
«Արդեն կա որոշում զորահավաքի մասին, որի մանրամասներին մենք հետագայում ևս նորից կանդրադառնանք», – նշեց ՊՆ ներկայացուցիչը։
Արցախում իրավիճակի սրման մասին
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է մղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է մարդկային կորուստներ: ՊԲ–ն ոչնչացրել է հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա։ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ կան զոհեր ու վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում։
Ադրբեջանի ԶՈւ–ն հրետակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Ստեփանակերտը։ –0–