Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Փաշինյան. Հայաստանը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ և ԼՂ-ում չունի բանակ (ՎԻԴԵՈ)

19.09.2023, 17:12
Նրա խոսքով՝ մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ տեղեկություն են տարածում, որ իրենք հարվածներ են հասցնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների ուղղությամբ`նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղը. ՎԻԴԵՈ
Փաշինյան. Հայաստանը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ և ԼՂ-ում չունի բանակ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ և Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիային։

Վարչապետը նախ նշեց, որ այս պահի դրությամբ Հայաստանի սահմանների երկայնքով իրադրությունը հարաբերականորեն կայուն է, իրադրության տեսանելի և էական փոփոխություն չկա։

«Բայց ինչպես ասել եմ և ասում եմ հիմա, որ այս գործողության հիմնական և առանցքային թիրախը և նպատակը Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողություների մեջ ներքաշելն է»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ տեղեկություն են տարածում, որ իրենք հարվածներ են հասցնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների ուղղությամբ`նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղը։

«Ցավոք, այս նույն տեղեկատվությունը կրկնում են նաև մեր մի շարք գործընկերներ, որոնք ասում են, որ Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները։
Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ և ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը նաև հանրության ուշադրությունն է հրավիրել ներքին և արտաքին մի շարք ուժերի վրա, որոնք ուզում են, որ անպայմանորեն Հայաստանը ներքաշեն լայնածավալ ռազմական գործողությունների մեջ։

 «Դա տեսանելի է և մենք մեր դիրքորոշմամբ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությանը ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են և մենք կառավարելու ենք այս գործընթացը, ինչքան էլ հասկանում ենք, որ այս իրադրությունում մեր բոլորի զգացողությունների, էմոցիոնալ և այլ խնդիրներ կան։

Մենք չպետք է հնարավորություն տանք, որ որոշ մարդիկ, որոշ ուժեր արտաքին և ներքին Հայաստանի պետականությունը դնեն հարցականի տակ»,- եզրափակեց Փաշինյանը։

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել է, որ տարածաշրջանում սկսվել են «տեղական հակաահաբեկչական միջոցառումներԱդրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգն ապահովելու և վերականգնելու նպատակով»։–0–